Կհստակեցվեն ոստիկանության գործառույթները

Կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերից հինգով հստակեցվել են ոստիկանության գործառույթների իրավահարաբերությունները: Նախ գործադիրը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և 2014թ. առաջին եռամսյակում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համար վճարման ենթակա գումարի հատկացումը կատարել ի հաշիվ անձնագրերի և քարտերի իրացումից 2014թ. առաջին եռամսյակում պետբյուջե փաստացի մուտքագրված պետտուրքի գումարի, նկատի առնելով նաև այն, որ 2014թ. պետբյուջեից հանվել է սովորական անձնագրի բլանկների տպագրության համար տարեկան նախատեսվող գումարը: Հաջորդ որոշումը նպատակ ունի կանոնակարգել հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների հաշվառումը: Նման առարկաները հաշվառումից հանելու հիմք է սահմանվել միայն դրանց հայտնաբերումը, քանի որ նշված օբյեկտներն ունեն ոչ միայն նյութական, այլև առավելապես պատմամշակութային արժեք և հասարակական կարևոր նշանակություն:

Մեկ այլ որոշման փոփոխությամբ հստակեցվել են հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու և հաշվառումից հանելու հիմքերը: Հաշվառելու հիմք է տրանսպորտային միջոցի նկատմամբ հետախուզում հայտարարելու քրեական հետապնդման մարմնի որոշումը, հաշվառումից հանելու հիմք՝ կարճված քրեական գործի արխիվային պահպանման ժամկետի ավարտը: Որոշման արդյունքում առավել կանոնակարգված և արդյունավետ կիրականացվի հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման և տեղեկության տրամադրման գործընթացը:

Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, կառավարությունը այն համապատասխանեցրել է «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքների փոփոխություններին, ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ չստանալու տեղեկանք տրամադրելու հետ կապված հարաբերություններում ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու, ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի և ՀՀ քաղաքացու իրավունքների հավասար իրացման հնարավորության ապահովմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել