Արդյո՞ք գործատուն պետք է համակերպվի խախտում թույլ տված և վերականգնված աշխատողի հետ աշխատելու մտքին

Աշխատանքային կարգապահությունը խախտելու համար որպես տույժ կարող է կիրառվել նաև օրենքով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:
Այդ հիմքերն են.
1. աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքը.
2. աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքը.
3. աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքը.
4. անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքը.
5. պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքը:

Հարկ է իմանալ, որ նշված դեպքերում աշխատանքային պայմանագրի լուծումը կարգապահական տույժ է, իսկ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:
Ընդ որում, վերը նշված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու` առանց աշխատողին ծանուցելու:
Վերը նշված հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծումը առանց աշխատողից բացատրություն պահանջելու, կհամարվի աշխատանքային պայմանագրի լուծում օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, և դատական կարգով աշխատանքային պայմանագրի լուծումը վիճարկելու դեպքում աշխատողի խախտված իրավունքները կվերականգնվեն:
Հարց է ծագում, արդյո՞ք գործատուն պետք է համակերպվի կարգապահական խախտում թույլ տված և վերականգնված աշխատողի հետ աշխատելու մտքին: ՀՀ Օրենսդրության համաձայն՝ ստացվում է, որ պետք է, քանի որ տույժ կարելի է կիրառել խախտումը հայտնաբերելուց հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ դատական պրոցեսը չի կասեցնում այդ ժամկետի հաշվարկը:

իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել