Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում են Շիրակի թեմի առաձնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները։
«Քննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել Սրբազանի պաշտպաններին տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.:
Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու:
Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու դատարան:
Ստանալով քրեական գործը` դատավորը եռօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:
Նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակելու է վերը նշված որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
Նախնական դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնելու մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու, իսկ եթե խափանման միջոց կիրառված չի եղել` այն կիրառելու հարցը»,-ասված է հաղորդագրության մեջ: