Արդյո՞ք սահմանադրական որևէ բարեփոխում ՀՀ-ում կարող է լինել արդյունավետ

Ինչպես հայտնի է` ս.թ. ապրիլի 10-ին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հրապարակեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որի համաձայն նախատեսվում է ներդնել խորհրդարանական կառավարման համակարգ, այսինքն՝ ՀՀ Նախագահը ընտրվելու է 7 տարի ժամկետով ԱԺ-ի կողմից: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը և գործիչները արտահայտվեցին այս հայեցակարգին դեմ կամ կողմ ֆորմատով, սակայն որևէ ձևով փորձ չարվեց վերլուծել, թե արդյոք սահմանադրական ներկայիս հայեցակարգը կարող է որևէ դրական փոփոխություն մտցնել քաղաքացու կյանքում: Հարցն այն է, որ քաղաքական ուժերը և սահմանադրական բարեփոխումների պատասխանատուները ունեն այլ շահեր, քան ժողովուրդը: Այստեղ առկա է ոչ թե դեմ կամ կողմ լինելու խնդիր, այլ հասարակական պահանջմունքներն ընկալելու անհրաժեշտություն:

Նախևառաջ, ցանկանում եմ անդրադառնալ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմին, մի հանգամանք, որի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Այդ հանձնաժողովում են ընդգրկված այնպիսի մարդիկ, ովքեր ի պաշտոնե չեն կարող գործել որպես անկաշկանդ մասնագետներ: Այսպես օրինակ` ինչպես կարող է գլխավոր դատախազը կամ սահմանադրական դատարանի նախագահը լինել անկաշկանդ, հատկապես այն դեպքում, երբ դատական իշխանության և դատախազության ներկայացուցիչները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ համաձայն գործող Սահմանադրության, իսկ ինչպես հայտնի է՝ Սահմանադրությունը երկրի գլխավոր քաղաքական փաստաթուղթն է: Հանձնաժողովի անդամների մյուս մասը պարզապես գործադիր իշխանության ներկա և նախկին ներկայացուցիչներ են, ովքեր գտնվում են անմիջական կախվածության մեջ ՀՀ Նախագահից: Այսպիսով, երկրի կարևորագույն քաղաքական փաստաթուղթը մշակելու պատասխանատվությունը դրվել է ՀՀ Նախագահի ազդեցության ներքո գտնվող և իշխանության հետ կապված անձանց վրա:

Սահմանադրական հայեցակարգի ուսումնասիրությունն էլ ավելի է խորացնում այս թերահավատությունը դեպի նոր Սահմանադրության նախագիծը: Ընդհանուր առմամբ, հայեցակարգը գրված է տեսական-փիլիսոփայական ոճով, լի է ընդհանուր բնույթի անորոշ դատողություններով, կտրված է իրականությունից և հիմնականում բարի ցանկությունների ոլորտից է: Հայեցակարգում արվում են անհամարժեք մի շարք դատողություններ: Հայեցակարգը առանց որևէ հիմնավորման թվացյալ վտանգ է տեսնում Նախագահի և ԱԺ ընտրությունները միաժամանակ չկազմակերպելու ներկայիս պրակտիկայի մեջ: Այդ պնդումը չունի ոչ փաստական և ոչ էլ իրավական հիմնավորում: Հանձնաժողովի կարծիքով խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումը կնվազեցնի «պատահական» անձանց իշխանության գալու վտանգը, ինչը իրավական ու լեզվաբանական առումով ոչ կոռեկտ և անիմաստ բառակույտ է, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիները դասակարգվում են պատահական և ոչ պատահական խմբերի: Հավանաբար միայն մերօրյա «քաղաքական էլիտային» է վիճակված քաղաքացու պատահական և ոչ պատահական բնույթը որոշելու պատիվը, ինչը հասու չէ մեզ՝ պատահական քաղաքացիներիս: Մեկ այլ վտանգ հանձնաժողովը տեսնում է Նախագահի կողմից ԱԺ-ում կայուն մեծամասնություն չունենալու մեջ, ինչը ևս անտրամաբանական մոտեցում է, քանի որ ժողովրդավարական պետությունում հնարավոր է առանց մեծամասնության ևս ձևավորել կոալիցիոն կառավարություն և նման փաստը որևէ երկրում չի համարվում անկայունության հիմք: Հայեցակարգում առկա նման անտրամաբանական և ոչ իրավական դատողությունները կարելի է անվերջ թվարկել, բայց այստեղ կարևորը դա չէ:

ՀՀ-ում արդեն ավանդույթ է դարձել, որ իշխանությունները նախաձեռնում են սահմանադրական բարեփոխումներ միայն այն ժամանակ, երբ դա իրենց է անհրաժեշտ, և դա անում են ոչ թե քաղաքացու կյանքում որևէ դրական փոփոխություն մտցնելու, այլ կառավարող վերնախավի համար վերադասավորումներ և սահուն վերարտադրություն ապահովելու շարժառիթով: Այս սցենարը կրկին անգամ թույլ չտալու առաքելությունն է, որ պետք է միավորի քաղաքացիական հասարակության տարբեր շերտերին ու քաղաքական դաշտում առկա առողջ ուժերին: Նման նախաձեռնողականություն ցուցաբերելու դեպքում հնարավոր կլինի բարձրացնել քաղաքացիների ակտիվությունը սահմանադրաիրավական հարցերի շուրջ, միավորել հասարակության ներուժը սահմանադրական կարևորագույն սկզբունքներ մշակելու համար, որոնց ամրագրումը գործող կամ նոր Սահմանադրության մեջ կդառնա քաղաքացիական հասարակության պահանջը և միակ հասարակական ձեռքբերումը սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացում: Ներկայիս քաղաքական համակարգի թույլ և անկազմակերպ լինելու պարագայում՝ քաղաքացիական հասարակությունն է, որ ի վիճակի է հակազդելու վերարտադրության այս գործընթացին՝ առաջարկելով կոնկրետ լուծումներ: Այս գործընթացն ունի նաև միավորման հզոր ներուժ, քանի որ միավորումը կլինի սահմանադրական կարևորագույն սկզբունքների, այլ ոչ թե որևէ անձի կամ կուսակցության շուրջ:

Հայկ Գրիգորյան
Իրավաբան, հարկային և սահմանադրական իրավունքի մագիստրոս

Լուսանկարը` Հայկ Գրիգորյանի
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել