Գումարները ենթակա չեն գանձման. Արծվիկ Մինասյան

Ինչպես Իրավաբան.net-ն ավելի վաղ տեղեկացրել էր «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր գործնական հանդիպում-հավաք էր կազմակերպել  Մատենադարանի մոտ:

Հավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ՍԴ-ում «Կուտակայինի կենսաթոշակների մասին» օրենքի քննության ժամանակ հայցվոր կողմի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` ՍԴ-ի ապրիլի 2-ի որոշմամբ մեր ժողովուրդն արձանագրել է մեծ հաջողություն.

«ՍԴ-ի որոշումը հաջողություն է, քանի որ բարձր դատարանը հիմնովին հակսահմանադրական ճանաչեց պարտադիր բաղադրիչը: Դրա համար ես կրկնակի դատապարտում եմ այն պաշտոնյաների պահվածքը, որոնք փորձում են նսեմացնել ՍԴ-ի որոշումը»:

Ըստ պատգամավորի` այդ գումարները ենթական չեն գանձման, քանի որ դրանց գանձումն անտրամաբանական է. 

«Նախ տրամաբանական տեսակետից նախատեսվում էր, որ պարտադիր բաղադրիչը տարիների ընթացքում մարդը պետք է կուտակեր, որպեսզի այդ եկամուտներից ստացվի մի մեծ գումար, որը քաղաքացին հետագայում կստանա որպես թոշակ: Բայց այդ գումարը մինչև սեպտեմբեր որպես էդպիսին չի կուտակվելու: Էլ ո՞րն է պահելու իմաստը: Անկախ նրանից, թե ի՞նչ նոր համակարգ է ներդրվելու, այդ գումարները չեն կարող հաշվարկվել այդ համակարգի մեջ,  քանի որ ենթակա են վերադարձման: Այսինքն` գումարները պահելու իմաստ չկա»:

Արծվիկ Մինասյանը հայտնեց նաև, որ ինքը գործնական առաջարկ է արել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե պարտադիր բաղադրիչը ենթակա է պահման` հրավիրելով ուղիղ եթերով հրապարակային բանավեճ-քննարկման. «Որևէ մեկը չի համաձայնել այդ բանավեճին: Սա ևս մեկ անգամ նշանակում է, որ ժողովուրդը ճիշտ է, ժողովուրդը հաղթել է»:

Պատգամավորի փոխանցմամբ՝ ԱԺ-ում հրավիրվելու է արտահերթ նիստ, որի ժամանակ կքննվի այն հարցը, որ որևէ գումար քաղաքացիներից չպետք է գանձվի, որևէ տույժ չի կարող կիրառվել գործատուների նկատմամբ, իսկ քաղաքացիներից գանձված գումարները ենթակա են հետ վերադարձման: Ինչպես նաև վարչական դատարանում վարույթ կհարուցվի և կքննվի ՊԵԿ-ի այն հրամանը, թե ավտոմատ կերպով պետք է հաշվարկվի և պահվի պարտադիրի դրույքաչափը. «Մենք պետք է այս հանգամանքը ճանաչենք ՍԴ-ին և օրենսդրությանը հակասող»:

Արծվիկ Մինասյանը եզրափակելով իր խոսքը` նշեց. «Մենք ուժեղ ենք, որովհետև առաջնորդվում ենք Սահամանդրությամբ և օրենքով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել