Ինչպե՞ս է նոտարը վավերացնում փաստաթղթի պատճենների և քաղվածքների իսկությունը

Նոտարը վավերացնում է կազմակերպությունների կողմից տրված, սահմանված կարգով կնքված կամ ստորագրված կամ ֆիզիկական անձանց կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների համապատասխանությունը բնօրինակին, եթե դա արգելված չէ օրենքով:

Քաղվածքի ճշտությունը կարող է վավերացվել միայն այն ժամանակ, երբ այն փաստաթուղթը, որից քաղվածք է հանվում, ներառում է մի քանի առանձին` միմյանց հետ կապ չունեցող հարցերի լուծում: Փաստաթղթի քաղվածքը պետք է վերարտադրի որոշակի հարցի վերաբերյալ փաստաթղթի լրիվ տեքստը:

Պատճենը պետք է համապատասխանի բնօրինակին` ուղղագրության, կետադրության, բառերի կրճատման առումով:

Օտար լեզվով կազմված փաստաթղթի պատճենը վավերացվում է միայն, եթե նոտարը տիրապետում է տվյալ օտար լեզվին: Եթե նոտարը չի տիրապետում համապատասխան օտար լեզվին, ապա օտար լեզվով կազմված փաստաթղթի պատճենը կարող է վավերացվել միայն այդ փաստաթղթի թարգմանությունը սույն օրենքով սահմանված կարգով վավերացվելուց հետո:
Ֆիզիկական անձի կողմից տրված փաստաթղթի պատճենի իսկությունը նոտարը վավերացնում է այն դեպքում, եթե փաստաթղթի վրա եղած ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը վավերացրել է նոտարը:

Նոտարը, վավերացնելով փաստաթղթի պատճենի իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ փաստաթղթի պատճենը համապատասխանում է բնօրինակին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել