ՀՔԾ-ն ոստիկանին մեղադրում է ապօրինի զենք ունենալու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Գ. Գ.-ի կողմից ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հատուկ քննչական ծառայության կայքի փոխանցմամբ՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Գ.-ն քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և իրեն պատկանող վագոն-տնակում ապօրինի պահել է ինքնաշեն եղանակով պատրաստված, ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, որը 2014 հունվարի 12-ին հայտնաբերվել էր ոստիկանության ծառայողների կողմից:

Գ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Քրեական գործով տեղեկություններ ձեռք չեն բերվել ատրճանակը պատրաստողի, պահողի և Գ. Գ.-ին իրացնողի` ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսանալու մասին, ուստի քրեական գործից անջատվել է անհայտ անձի կողմից ատրճանակ պատրաստելու, պահելու և իրացնելու վերաբերյալ քրեական գործի մասը և ուղարկվել ըստ քննչական ենթակայության` նախաքննությունը շարունակելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել