Չորեքշաբթի օրը կոռուպցիոն կասկածով ձերբակալված ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի ամենախոշոր Շարլոտ քաղաքի քաղաքապետ Պատրիկ Քենոնը հրաժարական է ներկայացրել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Ես թողնում եմ Շարլոտի քաղաքապետի պաշտոնը: Ցավում եմ, որ ստիպված եմ այդ քայլին դիմել, սակայն հավատացած եմ, որ այս որոշումը քաղաքի շահերից է բխում»,- ասված է դիմումում։ Մինչև նոր քաղաքապետի ընտրությունը նրա պարտականությունները կկատարի Մայքլ Բարնսը։
Քենոնին մինչև դատն ազատ են արձակել 25 հազար ԱՄՆ դոլար գրավի դիմաց։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան 20 տարվա ազատազրկում և մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար տուգանք է սպառնում։
Դատախազության տեղեկացմամբ` Քենոնին ձերբակալել են Հետախուզությունների Ֆեդերալ Բյուրոյի (ՀՖԲ) իրականացրած գործողության ժամանակ։ ՀՖԲ գործակալները ներկայացել էին որպես կառուցապատողներ և քաղաքապետին գումար առաջարկել քաղաքում իրականացվելիք մի շարք ծրագրերի սատարելու դիմաց։ Քենոնը համաձայնվել էր և գաղտնի գործակալներից մոտ 50 հազար ԱՄՆ դոլար ստացել։ Բացի այդ այս և նախորդ տարիների ընթացքում վճարվում էին նաև նրա ինքնաթիռի տոմսերի և թանկարժեք հյուրանոցներում բնակվելու ծախսերը։
Շարլոտը ԱՄՆ երկրորդ խոշորագույն ֆինանսական կենտրոն է հանդիսանում` զիջելով միայն Նյու Յորքին։ Քաղաքում է գտնվում նաև ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկի` Bank of America-ի, ինչպես նաև մի շարք էներգետիկ կորպորացիաների կենտրոնական գրասենյակները։ 2008թ․-ի տնտեսական ճգնաժամի արդյունքում Շարլոտի ֆինանսական ընկերություններից շատերի աշխատակիցները կորցրել էին իրենց աշխատնքը, իսկ իր նախընտրական արշավի ժամանակ Քենոնը խոստացել էր քաղաքին վերադարձնել այդ աշխատատեղերը։