«Մենք կռիվ ենք տալիս մեր ապրելու իրավունքի համար»․ Սայիդա Պողոսյան

Սայիդա Պողոսյանը Արցախից տեղահանվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով։ Նա ծնունդով Հադրութից է։ Տեղահանվելուց հետո Հայաստանում զբաղվել է հասարակական աշխատանքով, արցախահայերին տարբեր աջակցություններ է ցուցաբերել։

«2023 թվականի շրջափակումը մեզ համար ամենամեծ փորձությունն էր։ Ինը ամիս Հայաստանի և սփյուռքի աջակցությամբ կարողացանք երեխաների համար անհրաժեշտ սնունդ և պարագաներ ուղարկել։ Չեմ պատկերացնում ավելի դաժան իրավիճակ, քան այն, երբ մեքենայով Հայաստան ես բերում զոհված որդուդ դին։ Մենք կռիվ ենք տալիս մեր ապրելու իրավունքի համար։ Մենք եկել ենք Հայաստան՝ իմանալով, որ եկել ենք հայրենիքի մեկ այլ կտոր, բայց ոչ այնպես, ինչպես պատկերացնում էինք»,-նշում է նա։

Նրա խոսքով՝ բնակարանային ապահովման ծրագրում բազմաթիվ խնդիրներ կան։ Սայիդան հիշեցնում է, որ խոստացվել էր հիփոթեքային վարկի ժամկետը դարձնել 20 տարի, սակայն այն դեռ 10 տարի է։

«Ինչպե՞ս են պատկերացնում, որ մեկ հոգի կարողանա բնակարան ձեռք բերել։ Այդպիսի շատ մարդիկ կան, որոնք անելանելի վիճակում են։ Մենք մի շարք տարբերակներ ենք առաջարկել, սակայն ոչ մեկը չի ընդունվել։ Ունենք միջին խավի ընտանիքներ, որոնք հայտնվել են շատ դժվար կացության մեջ, քանի որ որևէ ծրագրի շահառու չեն»,-ասում է նա։

Սայիդան բարձրաձայնում է նաև ուսանողների առջև ծառացած խնդիրները։ Այս տարի համալսարան ընդունված արցախցի ուսանողների ուսման վարձավճարը չի փոխհատուցվի։ Նա սա լուրջ խնդիր է համարում, քանի որ շատ երիտասարդներ կարող են զրկվել կրթությունից՝ չկարողանալով միաժամանակ հոգալ և՛ բնակվարձը, և՛ առօրյա ծախսերը։

«Սա մեծապես ազդելու է հասարակության զարգացման վրա։ Պետք է հասկանանք, որ կրթված հասարակությունն առավելություն է։ Արցախցիներն իրականում խելացի են, նրանց պետք է տալ այդ հնարավորությունը։ Ես չեմ ցանկանում, որ այդ երեխաները լքեն Հայաստանը և ուսում ստանան օտար ափերում»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել