Սահմանադրական դատարանը կայացրել է արժեքավոր որոշում․ Արթուր Ղամբարյան

ՀՀ սահմանադրական դատարանը (ՍԴ) 30.07.2025 թ. ՍԴՈ-1792 որոշմամբ կայացրել է մարդու անձնական ազատության իրավունքի ապահովման տեսանկյունից արժեքավոր որոշում, որի արդյունքում էապես կսահմանափակվեն դատական վարույթի ընթացքում կալանքների շարունակականության դեպքերը և կբարձրանա «կալանավորական գործերով» դատական նիստերի անցկացնելու ինտենսիվությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը։

«Այսուհետ՝ կալանքի ժամկետը երկարաձգելիս վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով պատշաճ ջանասիրության (due diligence) ապահովման պարտականությունը տարածվում է ոչ միայն մինչդատական, այլև դատական վարույթում գործը քննող դատարանի վրա։

Սա նշանակում է, որ դատարանում կալանքի ժամկետը երկարացնելու հարցը քննարկելիս՝ կողմերը պետք է ներկայացնեն տվյալ գործը քննող դատավորի գործադրած ջանասիրության մասին դիրքորոշում, իսկ դատարանը «ինքնավերահսկողության» մոդելով պետք է դատական ակտում ներկայացնի իր դրսևորած ջանասիրության մասին փաստարկներ։ Բարձր ատյանի դատարանը ևս հնարավորություն կունենա դիրքորոշում հայտնել առաջին ատյանի դատարանի գործադրած ջանասիրության վերաբերյալ։
ՍԴ-ի այս որոշումը գործուն միջոց է զսպելու այն դեպքերը, երբ վկաների վրա ճնշում գործադրելու ռիսկի հիմքով մեղադրյալը շարունակում էր մնալ կալանքի տակ այն պայմաններում, երբ դատավորը մի քանի ամիս այդ գործով նիստ չէր անցկացրել և (կամ) այդ վկաներին հարցաքննելու ուղղությամբ միջոցներ չէր ձեռնարկել։

ՍԴ-ն այս գործով թույլ է տվել նաև մեթոդաբանական սխալ, երբ մի քանի անգամ շեշտել է անմեղության կանխավարկածի և ազատության կանխավարկածի սերտ կապի մասին։ Այս կանխավարկածների միջև ուղղակի կամ անուղղակի կապ չկա, քանի որ դրանք, ըստ ծագումնաբանության, կառուցված են լիովին տարբեր վիճակագրական օրինաչափությունների վրա։ Պատահական չէ, որ ՍԴ չի բացահայտել այդ կապի բնույթը։

ՍԴ-ն գիտակցաբար կամ անգիտակցաբար այս մեթոդաբանական սխալը թույլ տալու ճանապարհով, նույնիսկ դուրս գալով գործի առարկայի սահմաններից, ինքն իրեն հնարավորություն է ընձեռել վերակենդանացնելու 1998թ. ՀՀ ՔրԴՕ 18-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված՝ «խափանման միջոցը չպետք է պարունակի պատժի տարրեր» արժեբանական դրույթը, որը բխում է անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքից։

Այս կարևոր դրույթն 2021 թ. ՀՀ ՔրԴՕ-ում չամրագրվեց։ Դրա փոխարեն անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սկզբունքին վերաբերող հոդվածում նշվեց, որ վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի (ՀՀ ՔրԴՕ 18-րդ հոդվածի 1-ին մաս)։ Արժեբանական տեսանկյունից խափանման միջոցների՝ պատժի տարրեր պարունակելու արգելքն ավելի ընդգրկուն է, քան գործող օրենքով նախատեսված՝ «ազատությունից զրկելը չպետք է հետապնդնի պատժի նպատակ» ձևակերպումը։
Դոկտրինը վաղուց է պնդում, որ խափանման միջոցներ կիրառելիս չպետք է դրանք դիտարկել որպես հանցագործություն կատարած անձին պատժելու միջոց ( Люблинский П. И. Свобода личности в уголовном процессе: меры, обеспечивающие неуклонение обвиняемого от правосудия. Санкт-Петербург: Сенат. тип., 1906. С. 11-12.)։

Զարգացնելով «խափանման միջոցը պատիժ չէ» գաղափարը՝ հայկական դատավարագիտությունում և օրենսդրությամբ ճանաչում ստացավ այն մոտեցումը, որ խափանման միջոցը ոչ միայն պատիժ չէ, այլև այն չպետք է պարունակի պատժի տարրեր։ Այսպես՝ Մ. Խաչատրյանը դեռևս 1974 թ. իր թեկնածուական ատենախոսության մեջ նշել է.

«Անմեղության կանխավարկածից հետևում է, որ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, մեղադրյալի նկատմամբ կարելի է կիրառել միայն դատավարական սանկցիաներ, որոնք չպետք է պարունակեն պատժի տարրեր։ Խափանման միջոցների վերաբերյալ օրենսդրության մեջ անհրաժեշտ է նախատեսել նորմ, ըստ որի մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել այնպիսի սահմանափակումներ, որոնք թելադրված են նախաքննության և դատական քննության նպատակներով» (Хачатрян М. Уголовно-процессуальная законодательство Армянской ССР и вопросы его совершенствования։ автореф. дисс. … канд. юр. наук. М., 1974. С. 13)։

Հետագայում, խափանման միջոցները պատժի տարրեր պարունակելու անթույլատրելիության մասին գրեցին նաև ռուս դատավարագետները։
Այս մասին տե՛ս Ղամբարյան Ա., Կարապետյան Ն․ Քրեադատավարական հարկադրանքի միջոցները և պատիժը անմեղության կանխավարկածի համատեքստում // Օրենք և իրականություն, 2005, №3, էջեր 17-20»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել