Հայաստանը մետաղի ջարդոն արտահանող երկրից վերածվել է պատրաստի մետաղական արտադրանք թողարկող և ներքին շուկան ամբողջությամբ բավարարող, ինչպես նաև արտահանման հավակնություն ունեցող երկրի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության օգոստոսի 7-ի նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով Հայաստան պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշման նախագիծը։
Նա մանրամասնեց, որ նախագիծը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված օրենքից, որով երրորդ երկրներից ՀՀ ներմուծվող յուրաքանչյուր 1 տոննա մետաղական արտադրանքի համար սահմանվել է բազային տուրք՝ 29 հազար դրամի չափով։
Նախարարը նշեց, որ կառավարության գործունեության արդյունքում վերջին տարիներին տարբեր գնահատականներով մինչև 150 միլիոն դոլարի ներդրումներ են կատարվել, արդեն իսկ 1000 աշխատատեղ ստեղծվել և տեղի է ունեցել տեղական սև ու գունավոր մետաղական ջարդոնի օգտագործման աճ։
«Տասնամյակներ շարունակ Հայաստանից մետաղական ջարդոնի անվան տակ արտահանվում էին գործարանների սարքավորումներ, ամբողջ հոսքագծեր, տարբեր տեսակի մետաղներ, ավտոմեքենաների կմախքներ։ Հետո կառավարությունը որոշեց տուրք դնել, և որոշակի խոչընդոտներ ստեղծվեցին դրանց արտահանման հետ կապված»,-ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ այնուհետև հաջորդականությամբ Հայաստանում ստեղծվեցին մետաղների մշակման ձուլարաններ, գործարաններ, ինչն ապահովել է նոր աշխատատեղեր, ավելացված արժեք, նոր կազմակերպություններ, արտահանում և հարկեր։
«Կառավարության քաղաքականության շնորհիվ Հայաստանում գործող պատրաստի մետաղական արտադրանք թողարկող գործարաններն ամբողջությամբ ծածկում են ներքին շուկան և ունեն արտահանման հավակնություններ»,-ընդգծեց գերատեսչության ղեկավարը՝հավելելով, որ Հայաստանում արտադրվում են ոչ միայն մետաղական ամրաններ, այլ նաև պահանջարկ ու որակ ունեցող այնպիսի արտադրանք, ինչպիսին օրինակ ալյումինե մարտկոցներն են։
«Ոլորտում շատ մեծ ներդրումներ են իրականացվել, ստեղծվել են մեծ քանակությամբ աշխատատեղեր, և մենք շարունակում ենք այդ քաղաքականությունը։ Փաստացի կառավարության այս որոշման նախագիծն այդ քաղաքականության տրամաբանական շարունակությունն է»,- ընդհանրացրեց Պապոյանը։