Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու համար. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով կաշառք են ստացել: 

Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ից 2024 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հետազոտված՝ զորակոչի ենթակա քաղաքացուն զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու վերաբերյալ ախտորոշում արձանագրելու համար, զորակոչիկի բարեկամից պահանջել և ստացել են կաշառք, որից 300-400 ԱՄՆ դոլարը զորակոչային բաժանմունքի վարիչը 2024 թվականի փետրվարի 1-ին փոխտնօրենի աշխատասենյակում փոխանցել է վերջինիս։

Վերը նշված երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:  

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել