Երևանի փոխքաղաքապետը ներկայացրեց հանրային տրանսպորտի վճարման համակարգում փոփոխություններն ու ստեղծված հնարավորությունները

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտի վճարման համակարգից թղթային QR կոդով ուղետոմսերի հանելը պայմանավորում է տեխնիկական ավելի քիչ խնդիրներ ունենալու և բնապահպանական հանգամանքներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սուրեն Գրիգորյանն ասաց օգոստոսի 4-ին հրավիրած ասուլիսում՝ ներկայացնելով օգոստոսի 1-ից տրանսպորտային ոլորտում ուժի մեջ մտած փոփոխությունները։

Նա բնապահպանական տեսնակյունից ճիշտ չհամարեց մեծաքանակ թղթային QR կոդով ուղետոմսերի տպագրությունը։

Անդրադառնալով ներկայում գործող վճարման մյուս հնարավորություններին՝ Գրիգորյանը մանրամասնեց, որ նախկինում թղթային QR ուղետոմսերից օգտվող քաղաքացիներն այժմ կարող են ձեռք բերել տրանսպորտային քարտ, պարբերաբար լիցքավորել այն և օգտվել տրանսպորտային ծառայություններից։

Փոխքաղաքապետը քաղաքացիներին հորդորեց տրանսպորտային քարտի լիցքավորման միջոցով ուղետոմսերը ձեռք բերել նախապես՝ անհարմարություններից խուսափելու համար։

«Օրինակ, եթե մետրոյի կայարանում մարդն հենց այդ պահին է լիցքավորում ու ցանկանում է անմիջապես օգտվել, ապա որոշակի ժամանակ է պահանջվում, սովորաբար՝ 2-5 րոպե, որպեսզի այդ ամբողջ տեղեկատվությունը համակարգում պտտվի, այնուհետև կոնկրետ վալիդատոր սարքին փոխանցվի»,-պարզաբանեց նա։

Փոխքաղաքապետի խոսքով՝ տրանսպորտային քարտերը հնարավոր է լիցքավորել «Թել-Սել» դրամապանակի և համանուն տերմինալների, ինչպես նաև «transport.yerevan.am» կայքի միջոցով։

Գրիգորյանը նշեց, որ դրանով հնարավորություն է ընձեռված առանց հերթերի, որևէ հարմար վայրից մուտքագրելով քարտի համարը, լիցքավորել ուղետոմսը և օգտվել տրանսպորտային ծառայությունից։

Անդրադառնալով մյուս հնարավորությանը՝ նա տեղեկացրեց, որ «Թել-Սել» դրամապանակով ուղևորատոմսեր ձեռք բերելիս, գրանցվում է հեռախոսահամար, որով առանց նույնականացման գրանցվելու դեպքում տոմսերը միանգամից հայտնվում են դրամապանակում։

««Թել-Սել» դրամապանակից օգտվելու շրջանակներում արդեն նույնականացման գործընթացներում իրականացվել է բարելավում։ Գործընթացը նախկինում իրականացվում էր ֆիզիկապես․ մարդկանց կողմից հայտն ուղարկվում էր, դիտարկվում, ապա հաստատվում էր կամ մերժվում էր, ինչը որոշակի ժամանակ էր տևում։ Այստեղ մեր գործընկերները ներմուծել են ծրագրային լուծում և այդ գործընթացն իրականացվում է գլխավորապես համակարգի միջոցով, ինչի շնորհիվ այն տեղի է ունենում ավելի արագ»,-ներկայացրեց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ

QR ուղետոմսերի շրջանառությունից դուրս գալուն զուգահեռ՝ միաժամանակ ապահովվել է մի քանի այլընտրանք, որոնցից քաղաքացիները կարող են օգտվել։

«Կարծում եմ, որ այս տարբերակներից որևէ մեկից օգտվելու և նախապես որոշակի քանակով ուղետոմսերը լիցքավորելու դեպքում համակարգին առնչվելիս՝ քաղաքացիները խնդիր չեն ունենա։ Իհարկե, հաշվի առնելով, որ մեծ թվով քաղաքացիներ են օգտվում այս համակարգից, ինչպես ցանկացած մեծ համակարգի դեպքում, անխուսափելի է առանձին դեպքերում որոշ խնդիրների առաջացումը, որոնց մեր և «Թել-Սել»-ի զանգերի կենտրոնները հնարավորինս արագ լուծում են փորձում տալ»,-եզրափակեց փոխքաղաքապետը։

Նշենք, որ օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի ուղեվճարի համար նախատեսված թղթային QR տոմսերը դուրս են բերվել շրջանառությունից:

Ներկայում գործում է վճարման 3 համակարգ՝ տրանսպորտային քարտով, անհպում բանկային քարտով ( ՀՀ բոլոր բաներից, բացի ՎՏԲ-ից) և բջջային հավելվածով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել