«Արարատ-ցեմենտ» գործարանի հետ կապվածքրեական որևէ գործ հարուցված չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ բնապահապանության նախարարության ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ Արարատյան դաշտավայրում ջրառի ծավալներեն ավելին են, քան օրենքով նախատեսված առավելագույն չափաքանակը. «Այսինքն՝ հիմքեր կան առնվազն ենթադրելու, որ ջրօգտագործողների կողմից շահագործվում է ջրի ավելի շատ չափաքանակ, քան թույլատրելի է օրենքով: Այդ փաստի առթիվ հարուցվել են երկու քրեական գործ՝ մեկն Արարատի մարզում մյուսը՝ Արմավիրի»:
Դատախազը վստահեցրեց, որ նշված քրեական գործերի շրջանակում երկու մարզերում զուգահեռաբար իրականացվում են մի շարք քննչական գործողություններ. «Քննչական գործողություններից կոնկրետ մասնավորեցվածը զննության գործողությունն է, որն իրականացվում է տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպություններում, որոնք իրենց տնտեսական գործունեության մեջ օգտագործում են կամ իրենց տնտեսական գործունեությունը կառուցում են ջրօգտագործման մեծ ծավալների հետ: Այդ կազմակերպությունների թվին է պատկանում նաև «Արարատ-ցեմենտ» գործարանը»:
Այս քրեական գործերիի շրջանակում բացի «Արարատ-ցեմենտ»-ից ուշադրության կենտրոնում են գտնվում ավելի քան 100 կազմակերպություններ:
Քրեական գործերի շրջանակում քննչական գործողություններն իրականացվում են հետևյալ երեք ուղղություններով՝
1. Ապօրինի խորքային հորերի օգատգործումը
2. Առանց ջրօգտգործման թույլտվությունների ջրօգտագործման փաստերը
3. Ժամկետնանց ջրօգտագործման պայմանգրերի առկայության դեպքում ջրօգտագործման փաստերը:
Հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված անձինք դեռևս չկան:
Եզրափակելով խոսքը՝ գլխավոր դատախազը նշեց, որ քննչական գործողություններն իրականացվել են և իրականացվելու են: Որևէ խտրական մոտեցում և քաղաքական ուղորդում չկա:
Արև Ավագյան