Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի։ Պահանջն է 27.05.2025թ. թիվ 2073 որոշումն անվավեր ճանաչել։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը մայիսի 27-ին որոշում է ստորագրել, որով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վարչական տույժ է նշանակվել։
Որոշման մեջ նշվում է, որ վարչական տույժը նշանակվել է հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար, նշանակվել է տուգանք 100 հազար դրամի չափով։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 35-րդ, 54-րդ հոդվածի 1-ին մասի, 154-րդ հոդվածի 2-րդ մասի, 219.1-ին, 244.9-րդ, 275-283-րդ, 286-288-րդ, 298-րդ, 302-րդ և 305-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 53-րդ հոդվածի, հիմք ընդունելով 2025 թվականի մայիսի 13-ի քաղաքաշինության ոլորտում վարչական իրավախախտում թույլ տալու փաստի մասին N 9 արձանագրությունը և վարչական հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 27-ի արձանագրությունը.
1.Հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք ` 100 000 (հարյուր հազար) դրամի չափով, իսկ գյուղական բնակավայրում սեփականության իրավունք ունեցող անձի կողմից առանց թույլտվության շինարարության թուլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելու համար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք՝ 100 000 (հարյուր հազար) դրամի չափով:
2. Գագիկ Ծառուկյանը պարտավոր է սույն որոշումն իրեն հանձնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել Աբովյանի համայնքապետարանի 900105201272 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Աբովյան համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողով:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել կամ վարչական կարգով Աբովյան համայնքի ղեկավարին՝ այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գագիկ Ծառուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից»:
Նշենք, որ գործը դատարան է ստացվել հուլիսի 25-ին և մակագրվել դատավոր Անի Չիլինգարյանին։