Այդպիսի բովանդակությունը հստակորեն դուրս է ՀԱՀ-ի «Քաղաքական և կրոնական գործունեության մասին» ներքին կանոնակարգի շրջանակից, համալսարանը միանշանակ դատապարտում է այն՝ համարելով ոչ պատշաճ․ ՀԱՀ

Հայաստանի ամերիկյան համալսարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«Երեկ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ և լրատվամիջոցներ հանրության ուշադրությանը ներկայացրին սոցիալական մեդիայում վերջերս հրապարակված մի գրառում, որի հեղինակն է դոկտոր Սամվել Ֆարմանյանը։ Մինչ վերջերս նա դասավանդում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)՝ որպես հրավիրյալ (ժամավճարով աշխատող) դասախոս։ Հաշվի առնելով տվյալ գրառման շուրջ առաջացած հանրային արձագանքն ու մամուլի անդրադարձը՝ ՀԱՀ-ի ղեկավարությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.

ՀԱՀ-ը հավասար հնարավորություններ ապահովող գործատու է և բաց է դասախոսական հաստիքների համար դիմող համապատասխան ակադեմիական որակավորում ունեցող բոլոր թեկնածուների համար՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից։ Համալսարանն առանձնահատուկ կերպով կարևորում է իր դասախոսական կազմի բազմազանությունը և հպարտ է այն հանգամանքով, որ դասախոսական կազմը ներառում է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամներ։

ՀԱՀ-ի «Աշխատանքի ընդունման, առաջխաղացման, ակադեմիական աստիճանների տրամադրման» ներքին կանոնակարգի համաձայն՝ «․․․համալսարանը պարտավորվում է պաշտպանել յուրաքանչյուր դասախոսի ակադեմիական ազատության իրավունքը, այսինքն՝ գիտելիք ձեռք բերելու, ստեղծագործելու և որպես պատասխանատու քաղաքացի ազատ արտահայտվելու իրավունքը՝ առանց համալսարանի կողմից պարտադրված սահմանափակումների։ Դասախոսը պետք է գնահատվի որպես գիտնական և մանկավարժ՝ հիմնվելով բացառապես օրինական ակադեմիական և մասնագիտական չափանիշների, և ոչ թե նրա քաղաքական հայացքների, կրոնական համոզմունքների կամ այլ անձնական նախընտրությունների հիման վրա»։

Հնչել են մեղադրանքներ, թե ՀԱՀ-ը հրաժարվում է աշխատանքի ընդունել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին։ Այս մեղադրանքները բացարձակապես անհիմն են։ ՀԱՀ-ում տարիներ շարունակ աշխատել են և շարունակում են աշխատել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ՝ ընդհուպ այն ժամանակաշրջանից, երբ այն ընդդիմադիր կուսակցություն էր։ Դասախոսների հետ աշխատանքային պայմանագրերի կնքումը, վերակնքումը կամ դադարեցումը եղել է և շարունակում է լինել բացառապես ՀԱՀ-ի իրավասության դաշտում՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից։

Հետևաբար, ՀԱՀ-ը պաշտպանում է իր դասախոսական կազմի անդամների՝ իրենց քաղաքական հայացքներն ազատորեն արտահայտելու իրավունքը՝ պայմանով, որ նրանք հանդես չգան համալսարանի անունից: Համալսարանը որևէ պաշտոնական դիրքորոշում չունի կուսակցական կամ քաղաքական հարցերի վերաբերյալ, և այս մոտեցումը հստակ սահմանված է ՀԱՀ-ի «Քաղաքական և կրոնական գործունեության մասին» ներքին կանոնակարգում։

Ինչպես նշվում է ներքին կանոնակարգում. «ՀԱՀ-ը խրախուսում է իր ուսանողների, դասախոսների և անձնակազմի քաղաքացիական ակտիվ ներգրավվածությունը։ Բացի այդ, քաղաքական գործընթացների ակադեմիական ուսումնասիրությունը ՀԱՀ-ի գիտական առաքելության կարևոր բաղադրիչներից է և պաշտպանվում է ակադեմիական ազատության սկզբունքով։» Թեև համալսարանը խթանում է խոհեմ քաղաքական երկխոսությունը, «ՀԱՀ-ը պետք է խուսափի կողմնակալ քաղաքական գործունեությունից, որը կարող է ստեղծել տպավորություն, թե համալսարանն աջակցում է որևէ քաղաքական կուսակցության կամ պետական պաշտոնի հավակնող թեկնածուի․․․»:

Այդուհանդերձ, դոկտոր Ֆարմանյանի հրապարակումը, որով նա քննադատում էր Հայաստանի Հանրապետության վարչապետին, դուրս էր քաղաքական քննարկման սահմաններից և ներառում էր անձնական բնույթի վիրավորանքներ վարչապետի և նրա ընտանիքի նկատմամբ, այդ թվում՝ վիրավորական մեկնաբանություններ նրանց արտաքին տեսքի վերաբերյալ։ Թեև դոկտոր Ֆարմանյանն իր հրապարակման մեջ ներառել էր համալսարանի կողմից սոցիալական մեդիայի հրապարակումների համար առաջարկվող հրաժարագիրը («Այստեղ արտահայտված տեսակետները իմ անձնական տեսակետներն են և ոչ մի կերպ չեն արտահայտում Հայաստանի ամերիկյան համալսարանի տեսակետը»), այդպիսի բովանդակությունը հստակորեն դուրս է ՀԱՀ-ի «Քաղաքական և կրոնական գործունեության մասին» ներքին կանոնակարգի շրջանակից, և համալսարանը միանշանակ դատապարտում է այն՝ համարելով ոչ պատշաճ։

Խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնասյունն է։ Իհարկե, ՀԱՀ-ը խրախուսում է դասախոսական կազմի բոլոր անդամներին հարգալից և պատշաճ կերպով արտահայտել իրենց քաղաքական կարծիքը՝ հստակ ընդգծելով, որ այդ տեսակետները ներկայացնում են բացառապես իրենց անձնական դիրքորոշումը և որևէ կերպ չեն արտացոլում համալսարանի կամ դրա ղեկավարության պաշտոնական տեսակետը։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ յուրաքանչյուր կիսամյակ ՀԱՀ-ում դասավանդում է շուրջ 200 հրավիրյալ դասախոս, և համալսարանը պատասխանատվություն չի կարող կրել սոցիալական մեդիայում նրանց կողմից դրսևորվող վարքագծի համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել