Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ 2016-22 թվականներին պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գույքային վնասի վերաբերյալ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոնի» փորձագետ-գնահատողը, իր պաշտոնավարման տարիներին` 2016-22 թվականներին, շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, ծառայողական լիազորություններն օգտագործել է պետական շահերին հակառակ և պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող` ավելի քան մեկ միլիարդ 300 միլիոն դրամ ընդհանուր արժեքով 15 անշարժ գույքի գնահատման հաշվետվություններում ներառել է կեղծ տվյալներ: Արդյունքում գույքերը գնահատվել են անհամեմատ ցածր` ընդհանուր 300 միլիոն դրամից քիչ ավելի, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` մեկ միլիարդ տասներկու միլիոն 209 հազար դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնեական անփութության հատկանիշներով:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: