«Մամուլում շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի արդյունքում 2025 թվականի հուլիսի 22-ին ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը, հաշվի առնելով, որ օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
Ուստի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որևէ վերաբերելի գործողություն, օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում, կարող է հետևել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման և կատարման ընթացակարգեր ապահովվելուց հետո»,-հայտնում են ՀԾԿՀ-ից։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն էր տարածել ու հայտնել, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում։
Կառավարությունը պատասխանել է միջազգային դատարանում Սամվել Կարապետյանի հաղթանակի վերաբերյալ հայտարարություններին՝ նշել, որ հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը