ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հուլիսի 22-ին մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ (ՀԱՊՀ) թվով 92-րդ շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոյին:
Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով շրջանավարտներին Պոլիտեխնիկի 92-րդ հոբելյանական ավարտական հանդիսության առթիվ, կիսվել է տարիներ առաջ այս կրթական հաստատությունը ընտրելու իր որոշման պատմությամբ։ Ռուբեն Սիմոնյանն իր խոսքում անդրադարձ է կատարել այն ժամանակվա ոլորտային մարտահրավերներին ու մասնագիտական սահմանափակ պահանջարկին՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, հետադարձ հայացք գցելով՝ եթե կրկին կանգներ նույն ընտրության առջև, անկասկած կընտրեր նույն ուղին։
Սիմոնյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ այսօր Հայաստանի և հատկապես Երևանի յուրաքանչյուր անկյունում զգալի է նորարարության շունչը՝ այն էներգիան, որը փոխում է մեր միջավայրը և ապագան։
Նախարարի տեղակալը կոչ է արել նաև չվախենալ արհեստական բանականությունից և չխուսափել նորարար տեխնոլոգիաներից։ «Աշխարհն այսօր պայքարում է մարդկային կապիտալի համար, և հենց այդ պայքարում ինժեներական մասնագիտությունն ունի առանցքային դեր: Ամենակարևորը՝ ամուր հիմնեք ձեր գիտելիքները այն ֆունդամենտալ բազայով, որը տալիս է ձեզ Պոլիտեխնիկը։ Այդ գիտելիքը ձեր վստահ և կայուն հիմքն է լինելու: Այսօր մենք պայքարում ենք ձեր նման մասնագետների համար, և ես վստահ եմ, որ դուք եք լինելու այն ուժը, որը կձևավորի Հայաստանի նորարարությունը։ Նորարարությունը դառնալու է մեր ազգային ինքնության անբաժան մասը, և դա տեղի է ունենալու ձեր միջոցով»,-ընդգծել է Ռուբեն Սիմոնյանը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը տասնամյակներ շարունակ հանդես է գալիս որպես տեխնոլոգիական ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստման կարևորագույն կենտրոն։ Հետևելով իր բազմամյա հարուստ ավանդույթներին՝ ՀԱՊՀ-ն շարունակաբար արձագանքում է ժամանակի փոփոխություններին՝ կրթության և գիտության ոլորտներում ներդնելով առաջադեմ մոտեցումներ, նորարարական լուծումներ և միջազգային փորձի լավագույն բաղադրիչներ։
Միջոցառմանը ներկա են եղել ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Պոլիտեխնիկի շրջանավարտների ասոցիացիայի ներկայացուցիչներ, հոգաբարձուներ, պրոֆեսորներ, դասախոսներ, շրջանավարտներ և հատուկ հյուրեր: