Մահացել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանը։ Այս մասին հայտնում է Գևորգ Բարսեղյանը։
«Վաստակաշատ իրավաբան, ժամանակակից քրեական իրավունքի ակունքներում կանգնած գիտնական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի երկարամյա վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Արտաքուստ խրոխտ ու խիստ հայացքով, սակայն իրականում անսահման բարի, ազնիվ, ջերմ ու բաց սրտով մարդ: Մարդ, որն իր կյանքը ապրել է անխոնջ նվիրումով՝ իրավունքի, կրթության և գիտության հանդեպ։
Արա Գաբուզյանը պարզապես փայլուն մասնագետ չէր։ Նա Ուսուցիչ էր՝ բառի ամենախոր և զգայական իմաստով։ Անհնար է մոռանալ նրա հումորը՝ միշտ տեղին ու անկեղծ։ Նա միաժամանակ կարող էր ուժեղ ու նրբազգաց լինել, սկզբունքային ու ներողամիտ, խստապահանջ ու անսահման հոգատար։
Պրոֆեսորի դասերը չէին ավարտվում լսարանում։ Նա սովորեցնում էր իր կեցվածքով, լռությամբ, ազնվությամբ, վերաբերմունքով։
Նրա կյանքը թեև կարճ էր, սակայն լիարժեք։ Իր խորաթափանցությամբ, պատասխանատվությամբ, աշխատասիրությամբ և անսպառ հումորով նա թողեց խոր հետք բոլորիս կյանքում։
Այս մեծ կորստի ցավի մեջ, սակայն, կա նաև մեծ երախտագիտություն։ Շնորհակալ եմ Ձեր տված գիտելիքի, լույսի և խորհուրդների համար։ Դուք շարունակելու եք ապրել մեր հիշողություններում, խոսքերում և լռության մեջ։
Հանգչեք խաղաղությամբ, Պրոֆեսոր: Հավերժ հիշատակ»,-նշել է նա: