Աշխատանքային անվտանգության և աշխատավայրում առողջության պահպանման հետ կապված առկա են մի շարք խնդիրներ․ Մերի Գալստյան

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում աշխատանքային անվտանգության եւ աշխատավայրում առողջության պահպանմանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ու տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։

«Աշխատանքային անվտանգության եւ աշխատավայրում առողջության պահպանման հետ կապված առկա են օրենսդրական, ինստիտուցիոնալ եւ վերահսկողական մի շարք խնդիրներ: Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված են աշխատանքային անվտանգությանը եւ աշխատավայրում առողջության պահպանմանը վերաբերող համալիր գործողություններ, կոշտ մոտարկում մի շարք ԵՄ հրահանգների հետ, որոնք այս պահին դեռեւս կատարված չեն»,-կարեւորելով ոլորտում իրականացվող բարեփոխումների սինքրոնիզացիան՝ ասել է Մերի Գալստյանը:

Ռուբեն Սարգսյանը, արժեւորելով նման ձեւաչափով աշխատանքային քննարկումները, ներկայացրել է առկա խնդիրները՝ շեշտելով, որ փորձագիտական օժանդակության անհրաժեշտություն կա: Խոսելով համակարգում կիրառվող OSHA-ի առաջադրած չափորոշիչների մասին՝ նախարարի տեղակալն ընդգծել է վերահսկողության, կարողությունների եւ լիազորությունների հստակեցման հարցերը: Կարեւորվել է նաեւ տեսչական մարմնի կողմից առաջադրվող չափորոշիչների կիրարկման հարցը:

Սլավիկ Սարգսյանը, ներկայացնելով տեսչական մարմնի գործունեությունը, խոսել է ոլորտի վերահսկողության, առկա խնդիրների մասին: Նշվել է, որ առաջիկայում նախատեսվում են անվտանգության ինժեներների վերապատրաստման դասընթացներ, նախաձեռնվել են «Աշխատանքի տեսչության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքներ:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի դիտարկմամբ յուրաքանչյուր ոլորտ պետք է ունենա հստակ կանոնակարգումներ, անվտանգության համար սահմանված կիրարկելի նորմեր:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա օրենսդրական բացերի, օրենսդրական միասնական ստանդարտացման անհրաժեշտության, առկա խնդիրները մեկ օրենսդրական փաթեթով կարգավորելու հնարավորությունների, իրականացված աշխատանքների եւ առաջիկայում նախանշված գործողությունների վերաբերյալ:

Ընդգծելով աշխատանքային անվտանգության եւ աշխատավայրում առողջության պահպանման կարեւորության հարցերը՝ Մերի Գալստյանը տեղեկացրել է, որ առաջիկայում եւս տեղի կունենան աշխատանքային քննարկումներ շահագրգիռ, պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել