Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հուլիսի 11-ին, Շենգավիթի դատարանը որոշում է կայացրել 3 ամսով կալանավորել քաղաքացի Լիանա Հարությունյանին։ Այս մասին հայտնել էր փաստաբան Զարուհի Փոտանջյանը։
«Վերջինս ունի բարձրագույն կրթություն և մատուցել է թարգմանչական ծառայություններ Հնդկաստանի քաղաքացիների համար։ Ի սկզբանե Լիանա Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով»,-ասված էր նրա հայտարարության մեջ։
Նշվում է, որ կինը երեք անչափահաս երեխա ունի, փոքրը՝ 8 ամսական։
Այսօր առավոտյան «Աբովյան» ՔԿՀ-ից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Զարուհի Փոստանջյանը, ի թիվս այլնի, հայտնել է նաև, որ դատարանը նիստը հատուկ ուրբաթ օրն է նշանակել, որ հանգստյան օրերին փաստաբանը չունենա դատարանի որոշումը և չկարողանա այն բողոքարկել։ Փոստանջյանի այդ հայտարարությանն ի պատասխան, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից Iravaban.net-ին փոխանցեցին, որ այն բացարձակ իրականությանը չի համապատասխանում, դատարանում հերթապահություն է իրականանում, իսկ որոշումն էլ պատրաստ է, կարող են գնալ և ստանալ։
Փոստանջյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է նաև, որ կնոջ ավագ երեխաները արդեն տեղափոխվել են նրա բնակության վայր՝ գյուղ և ժամանակավոր կգտնվեն այնտեղ․ «Իսկ փոքրիկը իր մոտ է, երեկ են բերել այստեղ՝ ժամը 9-ի սահմաններում։ Ամեն ինչ պետք է անենք, որ Լիանան շուտափույթ դուրս գա, արդեն խոսել եմ պատգամավորների հետ, նրանք կտրամադրեն երաշխավորագրերը»։
Նա հանրությանը կոչ արեց «հեղեղել» Գլխավոր դատախազի էլեկտրոնային հասցեն դիմում բողոքներով, որպեսզի նա նույնպես Վերաքննիչ բողոք ներկայացնի՝ փոխելու դատարանի որոշումը։