Պահանջ Արթուր Նահապետյանից՝ հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ՝ փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելու փաստի առթիվ․ ՓՊ

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարությունը փաստաբանների մուտքը ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենք խոչընդոտելու առնչությամբ․

«2025 թվականի հուլիսի 10-ին փաստաբաններ Աբգար Պողոսյանը, Վարազդատ Հարությունյանը և Սերգեյ Հարությունյանը դիմել են ՀՀ Փաստաբանների պալատ տեղեկացնելով, որ նույն օրը, ժամը 09:00-ի սահմաններում, ժամանել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն՝ պաշտպանելու ահաբեկչության նախապատրաստության փաստով (ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության) ձերբակալված իրենց վստահորդների իրավունքները և պատշաճ կարգով ներգրավվելու քրեական վարույթում,սակայն շուրջ երեք ու կես ժամ փաստաբաններին արգելվել է մուտք գործել քննչական մարմնի վարչական շենք, անգամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների ժամանելու պայմաններում։

Քննչական մարմնի վարչական շենք մուտք գործելու խոչընդոտները հաղթահարելու անհնարինությամբպայմանավորված, փաստաբանները այլ ելք չեն տեսել, քան հեռանալն է Երևան քաղաքի քննչական վարչության տարածքից:

Նշված փաստը նաև լայնորեն լուսաբանվել է մամուլում:

Վերջերս փաստաբանների կողմից իրենց վստահորդներին իրավաբանական օգնություն ցույց տալուն խոչընդոտելու դեպքերին անդրադարձ է կատարել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Փաստաբանների ներկայացրած հանգամանքները հրատապ կարգով քննարկվել են Փաստաբաններ իրավունքների պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողովկողմից:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

(…)

բ) բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

գ) պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,

Իրավաբանների դերի վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների համաձայն (1990)

(…)

5. Կառավարություններն ապահովում են, որ իրավասու իշխանություններն անհապաղ յուրաքանչյուր մարդու իրազեկ պահեն ձերբակալվելու կամ կալանվելու, կամ էլ քրեական հանցագործության մեջ մեղադրելու դեպքում իր ընտրությամբ իրավաբանի օգնությունից օգտվելու նրա իրավունքի մասին:

6. Այն բոլոր դեպքերում, երբ դա պահանջում են արդարադատության շահերը, յուրաքանչյուր մարդ, որ իրավաբան չունի, իրավունք ունի այնպիսի իրավաբանի օգնության, որի փորձն ու մասնագիտացումը համապատասխանում են իրավախախտման բնույթին և որը նշանակվում է` նրան անվճար իրավաբանական արդյունավետ օգնություն տրամադրելու նպատակով, եթե նա բավականաչափ միջոցներ չունի իրավաբանի ծառայությունների դիմաց վճարելու համար:

7. Բացի այդ, կառավարություններն ապահովում են, որ բոլոր ձերբակալված կամ կալանված անձինք, անկախ այդ բանից, թե նրանց քրեական հանցագործություն կատարելու մեղադրանքով ներկայացվել է թե ոչ, անհապաղ իրավաբանի հետ հանդիպելու հնարավորություն ստանան, համենայն դեպս ոչ ուշ, քան ձերբակալվելու կամ կալանվելու պահից քառասունութ ժամ անց:

8. Բոլոր ձեռբակալված, կալանված կամ բանտարկված անձանց տրամադրվում են պատշաճ հնարավորություններ, ժամանակ ու պայմաններ իրավաբանի այցելության, նրա հետ առնչվելու և խորհրդակցելու համար` առանց ձգձգման, միջամտության կամ գրաքննության և լիակատար գաղտնիության պահպանմամբ: Նման խորհրդատվություններ կարող են անցկացվել իրավակարգը պաշտպանող անձանց ներկայությամբ, բայց առանց նրանց կողմից լսվելու հնարավորության:

Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝

Կողմերն ապահովում են, որ փաստաբանները կարողանան՝ 

(…)

գ.ունենալ արագ և պատշաճ հասանելիություն իրենց վստահորդներին ևհնարավոր վստահորդներին, նույնիսկ երբ վերջիններս զրկված են ազատությունից:

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն.

1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն.

Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք.

3) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝

1. Ձերբակալված անձը, (…) վարույթի ընթացքում իրավունք ունեն ստանալու իրենց հրավիրած, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պետական միջոցների հաշվին տրամադրված փաստաբանի իրավաբանական օգնությունը:

2. Վարույթն իրականացնող մարմինն իրավասու չէ արգելելու փաստաբանի ներկայությունն իր վստահորդի մասնակցությամբ կատարվող վարութայինգործողությանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն՝

1. Պաշտպանը, նպատակ ունենալով պարզելու մեղադրանքը հերքող, մեղադրյալի պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պաշտպանելու նրա իրավունքները և իրավաչափշահերը, սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի՝

(…)

2) խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանյալի հետ՝ առանց տեսակցությունների սահմանափակման, բացառությամբ մեղադրյալի մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի.

3) մասնակցելու իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարվող ցանկացած ապացուցողական կամ վարութային այլ գործողության, մասնակցելու իր կամ իր պաշտպանյալի միջնորդությամբ կատարվող ապացուցողական կամ վարութային այլ գործողության, եթե դա չի վնասի այլ անձանց կամ արդարադատության շահերին, այլ դեպքերում քննիչի առաջարկով մասնակցելու ապացուցողական կամ վարութային այլ գործողության.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

Մինչև մեղադրյալի վերաբերելի իրավունքները ձեռք բերելը ձերբակալված անձն իրավունք ունի՝

(…)

4) հաղորդակցվելու և տեսակցելու փաստաբանի հետ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

Հարցաքննությունից առաջ ձերբակալվածին իր ցանկությամբ հնարավորություն է տրվում առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանի հետ:

Վերը նշված միջազգային իրավական ակտերի և ներպետական օրենսդրության համալիր վերլուծությունը հանգում է հետևյալին՝

Փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝

• զրկում է ձերբակալված կամ ցանկացած հիմքով ազատությունից զրկված անձանց իրենց ընտրած պաշտպանի միջոցով իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից,
• խախտում է վարույթի օրինականությունը,
• խարխլում է իրավական պետության հիմքերը։

Ավելին, այդպիսի վարքագիծը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածի հատկանիշներին, համաձայն որի՝

1. Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով:

Փաստաբանի կողմից մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնելը ոչ միայն մասնագիտական պարտականություն է, այլ հիմնարար երաշխիք արդարադատության պատշաճ իրականացման համար։ Դրան խոչընդոտելը՝ հատկապես ձերբակալված անձանց իրավունքների իրացման համատեքստում, հակասում է թե՛ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, թե՛ պետության ստանձնած միջազգային պարտավորություններին։

Հանձնաժողովը խիստ մտահոգված է փաստաբանների մուտքը պետական իրավասու մարմիններ խոչընդոտելուն ուղղված իրավասու պաշտոնատար անձանց, վերջերս առավել հաճախ հանդիպող գործելաոճով

Միաժամանակ, Հանձնաժողովը հրավիրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային և ներպետականկազմակերպությունների և գործընկերների ուշադրությունը դեպքի առնչությամբ, ակնկալում նրանց աջակցությունը՝ հետագայում նմանատիպ դեպքերը կանխարգելելու և կրկնությունը բացառելու նպատակով:

Ամփոփելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը՝

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է, որ փաստաբանների մուտքը քրեական վարույթն իրականացնող մարմիններ խոչընդոտելը վերջերս դարձել է հաճախ հանդիպող գործելաոճ,

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է քրեական վարույթն իրականացնող մարմնին ձեռնպահ մնալ փաստաբանների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուց,

ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է իրենց վստահորդների իրավունքներն ու օրինական շահերը ներկայացնելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն ներկայացած փաստաբանների մուտքը խոչընդոտելուն ուղղված պաշտոնատար անձանց գործողությունները:

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանից հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ՝ փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելու փաստի առթիվ և մեղավոր պաշտոնատար անձանց կանչել պատասխանատվության»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել