Երևանում արդեն գործում է հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը՝ 4 տարբեր վճարման կրիչներով:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Դրանցից մեկը՝ թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները:
QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից, ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է տեխնիկական և գործառնական բնույթի այլ խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի և սահուն աշխատանքը:
Հաշվի առնելով տեխնոլոգիական և բնապահպանական գործոնները՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով. տրանսպորտային քարտ, անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերերի, բացի ՎՏԲ-ի), բջջային հավելված:
Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից, «Telcell» սպասարկման կետերից, Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների տեղեկատվական կետերից:
Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում, «Telcell» տերմինալներով կամ «Telcell» սպասարկման կետերում:
Սա հերթական քայլն է հարմարավետ, բնապահպանապես պատասխանատու և ժամանակակից քաղաքային տրանսպորտ ունենալու ճանապարհին: