Պատգամավորներն առաջարկում են թեթև ավտովթարների դեպքում 20 րոպե ժամկետ սահմանել երթևեկելի հատվածն ազատելու համար

Արհեստական խցանումների ռիսկերը նվազեցնելու նպատակով Ազգային ժողովում քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է թեթև ավտովթարների դեպքում սահմանել ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների կողմից երթևեկելի հատվածն ազատելու հստակ ժամկետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքերում առաջարկվող լրացումներով նախատեսվում է, որ միայն երկու ավտոմեքենայի մասնակցությամբ պատահարի դեպքում, եթե կողմերը փոխադարձ համաձայնություն ունեն մեղավորության վերաբերյալ, իսկ ավտոմեքենաները տեխնիկապես շահագործման պիտանի են, ապա պատահարի պահից առավելագույնը 20 րոպեի ընթացքում վարորդները պարտավոր են տեղափոխել մեքենաները օրենքով չարգելված այլ վայր։

Եթե վարորդները խախտեն այս պահանջը՝ չհեռանալով դեպքի վայրից 20 րոպեի ընթացքում, նրանք կտուգանվեն նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (խմբ. 30 հազար դրամով)»,-ասաց Աղաջանյանը:

Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ ներկայում երկու ավտոմեքենայի մասնակցությամբ պատահարներից հետո միջինում մեքենաները չեն հեռացվում 1 ժամ 12 րոպե, ինչը լուրջ խցանումների պատճառ է դառնում։ Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է այն դեպքերին, երբ գույքային վնասը սահմանված 400 հազար դրամ շեմը չի գերազանցում, և կողմերը լրացնում են «Ավտոապահովագրական մեկ պատուհան» հավելվածի (ASWA համակարգ) համաձայնեցված հայտարարագիրը։

Նախագծով նախատեսվում է, որ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը սահմանված ժամկետը կլինի 20 րոպե, իսկ այդ ժամկետի ավարտից հետո՝ տեխնիկական բարելավումների շնորհիվ, կարող է կրճատվել մինչև առավելագույնը 5-10 րոպե։ Նշվում է, որ ապագայում վթարի պահին հավելվածը արդեն կներառի վարորդների բոլոր տվյալները, ինչը կկրճատի լրացման ժամանակը։

Օրենքի նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել