Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակման ժամանակ Երևանի դիրքրոշման և ցուցաբերած աջակցության համար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում իրանցի նախարարն իր հայ գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ հարձակման ժամանակ Երևանի դիրքրոշման և ցուցաբերած աջակցության համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվականը՝ ներկայացնելով ԱԳ նախարարների զրույցի մանրամասները։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանն իր դիրքորոշումների համար, գնահատել է Հայաստանի կառավարության ջանքերն ու օգնությունը՝ Իրանի դեմ սանձազերծված 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի քաղաքացիների հյուպատոսական հարցերը հեշտացնելու համար։

Իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։

Նշվում է, որ Աբբաս Արաղչին խստորեն դատապարտել է Իսրայելի և Միացյալ Նահանգների  կողմից  Իրանի վրա հարձակողական գործողությունները։

Արաղչին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում լրջորեն հետապնդում է իր դեմ ագրեսիայի համար փոխհատուցում ստանալու իր իրավունքը։

Նշվում է նաև, որ Արարատ Միրզոյանը ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը, որը կհանգեցնի տարածաշրջանում կայունության և լարվածության նվազմանը՝ հերթական անգամ դատապարտելով Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել