Անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, որ Հայաստանը եւ Ադրբեջանն օր առաջ ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների. Արթուր Հովհաննիսյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատվիրակը նշել է.

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկույցի համար: Ակնհայտ է, որ ծավալուն աշխատանք է կատարվել:

Վիեննայում մեր նախորդ հանդիպումից հետո Հայաստանը եւ Ադրբեջանը մեծ ու կարեւոր քայլ են արել խաղաղություն հաստատելու համար:

Համաձայնեցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը:

Այս իրավիճակում չկա անհրաժեշտություն ծանրաբեռնելու առանց այդ էլ բարդ քննարկումները:

Անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանն օր առաջ ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների: Հայաստանի ղեկավարը ոչ մեկ անգամ հրապարակային հայտնել է իր պատրաստակամության մասին:

Փաստաթղթի ստորագրումը կնշանակի միջպետական հարաբերությունների հաստատում, ինչն իր հերթին հնարավորություն կտա առավել դրական մթնոլորտում քննարկելու տարաբնույթ հարցեր:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Հարավային Կովկասի ժողովուրդները շատ են տառապել, եւ այժմ մենք հնարավորություն ունենք դադարեցնելու հակամարտությունների եւ մեր երկրների բնակիչների տառապանքների շղթան:

Խաղաղությունն անհրաժեշտություն է մեր ժողովուրդների իրավունքների պաշտպանության եւ բարեկեցության համար, եւ մենք տեսնում ենք այդ հնարավորությունն առավել քան երբեւէ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել