Օրենսդրական առաջարկ՝ ուղղված վթարի հետեւանքով ստեղծված խցանումների բեռնաթափմանը

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 30-ին հրավիրված արտահերթ նիստում քննարկվել է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Էդուարդ Աղաջանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ հարցի առնչությամբ կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ, փաթեթի ընդունումը կնպաստի վթարի հետեւանքով ստեղծված խցանումների բեռնաթափմանը:

Ըստ առաջարկվող կարգավորման՝ ճանապարհատրանսպորտային պատահարին առնչվող վարորդներն օրենքի համապատասխան դրույթներով նախատեսված դեպքերում պարտավոր են միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում պատահարի վայրը թողնել եւ ավտոտրանսպորտային միջոցն օրենքով չարգելված այլ վայր տեղափոխել, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետեւանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը: Հակառակ պարագայում կնշանակվի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

Պատգամավորը մանրամասն անդրադարձել է ընթացիկ իրավիճակին, խոսել կարգավորումների անհրաժեշտության մասին:

Նա հիշեցրել է, որ փաթեթը վերաբերում է միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարներին, երբ առկա է միայն գույքային վնաս, եւ կողմերն ունեն համաձայնություն մեղավորության վերաբերյալ: Փոփոխությունները կվերաբերեն ապահովագրական պատահարների ընդհանուր թվի ավելի քան 85 տոկոսին (համաձայն գործող բջջային հավելվածի՝ «Ավտոապահովագրական մեկ պատուհան» համակարգ (ASWA համակարգ) տեխնիկական սպասարկումն ապահովող «ԲԻՎԱՔ ՀԱՅԱՍՏԱՆ» ընկերության կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության):

Էդուարդ Աղաջանյանի համոզմամբ հավելվածն ամբողջությամբ գործելու դեպքում վարորդներից կպահանջվի առավելագույնը 5 րոպե՝ տվյալները համակարգ ներբեռնելու համար:

Հարակից զեկույցում Քրիստինե Պողոսյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին: Նա առաջարկել է, որ ԱՊՊԱ ընկերությունները վարորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկեն հավելվածի հղումը՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար: Հիմնական զեկուցողը կողմ է եղել հնչած առաջարկին:

Էդուարդ Աղաջանյանը պարզաբանել է, որ սեպտեմբերի մեկից ուժի մեջ մտնող կարգավորումը սահմանում է 20 րոպեի սահմանաչափը, իսկ հավելվածն ամբողջությամբ պատրաստ կլինի հունվարի մեկից: Այդ ընթացքում փուլային տրամաբանությամբ այդ ժամկետը կարող է կրճատվել:

Հավելվածում ամենակարեւոր փոփոխությունը նույնականացման համակարգի առկայությանն է վերաբերելու: Օրենսդրական փաթեթի համահեղինակի խոսքով ինչ-որ պահից սկսած բոլոր այն քաղաքացիները, որոնք կցանկանան վերակնքել ԱՊՊԱ պայմանագիրը, պարտավոր են ունենալ ASWA համակարգ, դրանում ներբեռնել իրենց տվյալները, որ վթարի պարագայում բոլոր տվյալները QR կոդի գեներացմամբ լրացվեն:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ աշխատանքային քննարկումներ են կազմակերպվել: Կառավարությունը դրական է գնահատում նախաձեռնության ընդունումը: Գործադիրը խմբագրական բնույթի մի քանի առաջարկ է ներկայացրել:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել