Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի մի բնակիչ տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված:
Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 26-ին` ժամը 17-ին, զննություն է կատարվել Խորոնք գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդու տանը: Տանիքում հայտնաբերվել են մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի չոր բույսեր, հատակին փռած և տոպրակով մոտ 900 գրամ չորացրած-մանրացրած մարիխուանայի նմանվող զանգված, ևս 142 գրամ նույն զանգվածից հայտնաբերվել է խորդանոցում դրված արկղի մեջ:
Տանտերը հայտնել է, որ այդ ամենն իրենն է, ինքն է աճեցրել:
35-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նշանակվել է փորձաքննություն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: