Շրջանառվում է մի զրպարտություն, ըստ որի՝ փաստաբաններ Արա Զոհրաբյանը և Արման Թաթոյանը համոզել են Միքայել Սրբազանին հանձնվել իրավապահներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, Փաստաբանական ակադեմիայի Գիտագործնական դեպարտամենտի ղեկավար Մարինե Ֆարմանյանը։
«Փաստաբաններ Արա Զոհրաբյանի և Արման Թաթոյանի մասին զրպարտություն տարածողներին և ոչ միայն, հատուկ զգուշացում:
Որոշ սոց. հարթակներում շրջանառվում է մի զրպարտություն, ըստ որի՝ փաստաբաններ Արա Զոհրաբյանը և Արման Թաթոյանը համոզել են Միքայել Սրբազանին հանձնվել իրավապահներին և կալանավորվել: Ես ականատես եմ եղել ողջ պրոցեսին, թե ինչու և ինչպես է Սրբազանը որոշել Վեհարանի շենքից դուրս գալ և գնալ քննչական կոմիտե:
Նախ՝ Միքայել Սրբազանն իմաստուն և քաջ մարդ է, և ի տարբերություն էժանագին թեմաներով դիվիդենտներ շահելու փորձ անող քաղաքական ուժերի և անձանց, հստակ գիտակցելով, որ իր չգնալը կարող է հարյուրավոր մարդկանց համար ճակատագրական լինել և Աստված մի արասցե, ողբերգական վերջանալ , որոշեց, հակառակ իր աջակիցների կամքի, գնալ քննչական կոմիտե:
Երբ Սրբազանը դուրս էր եկել Վեհարանից, քննչական կոմիտեն արդեն հաղորդագրություն էր տարածել, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ճիշտ է, առավոտյան ժամերին, Նիկոլ Փաշինյանի ոստիկանությանը չհաջողվեց Սրբազանին Մայր Աթոռից ձերբակալելու, սակայն վերը նշված քրեական վարույթից հետո, լեգիտիմ հիմք էր ստեղծվելու Սրբազանին ձերբակալելու գործընթացը խոչընդոտող բոլոր անձանց, այդ թվում՝ հոգևորականներին, «հանցանքի» կատարման պահին ծեծուջարդով բերման ենթարկելու՝ դրան հաջորդող իրավական հետևանքներով, և ըստ էության, ականատես էինք լինելու տիեզերական մասշտաբի այնպիսի խայտառակության, որի համեմատ, Մայր Աթոռում հունիսի 27-ի սարսափելի տեսարանը, մեղմ վիճակ էր թվալու:
Նիկոլ Փաշինյանը վաղուց երազում է Մայր Աթոռում «կոտորած» կազմակերպել և այդ նպատակը նա չի էլ թաքցնում, հակառակ դեպքում հնարավոր չէ բացատրել նրա՝ սահմռկելի խոսույթն ու վարքը հանրային հարթակում:
Սրբազանը փաստացի խափանեց վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրեշավոր պլանը՝ Մայր Աթոռի վրա արշավելու և հոգևորականների նկատմամբ բռնություն գործադրելու կամ գուցե որոշ ժամանակով հետաձգեց այն: ՀԵՏԵՎԱԲԱՐ, ձեր՝ շրիշակից ցածր «դավադրության տեսությունները» պահեք ձեզ:
Երկրորդ՝ այն անձինք (այդ թվում՝ իմ կողմից ընդունված և հարգված), որոնք էժանագին բամբասանքի մասնակիցը չեն, բայց կարծում են, որ Սրբազանը չպետք է դուրս գար Մայր Աթոռից, պարզապես սխալվում են:
Ընկերնե՛ր, դուք ձեզ հարց տվե՞լ եք, թե Մայր Աթոռի կենդանի պատնեշը քանի՞ օր, ամիս կամ տարի պիտի պահպաներ Սրբազանին և դիմադրեր ոստիկանական ահռելի ուժերին: Իհարկե, դուք ձեզ այդ հարցը չեք տվել և տրվել եք ձեր հույզերին: Իսկ փաստն այն է, որ Մայր Աթոռի կենդանի պատնեշը մի քանի օրից կկազմաքանդվեր կամ «հատ առ հատ» կձերբակալվեր, իսկ Սրբազանը կդառնար քննությունից թաքնվող և քրեական վարույթին խոչընդոտող , ինչը թույլ կտար իրավապահ համակարգին ավելի բիրտ վերաբերվել գերաշնորհ տիրոջ հանդեպ և նրան ի ցույց աշխարհի՝ ձեռնաշղթաներով կտանեին:
Ինչ խոսք, Նիկոլը լավ էր մտածել, բայց Սրբազանը նրանից խելացի և խոհեմ գտնվեց և թույլ չտվեց, որ այդ օրը իրենից բացի այլ անձինք տուժեն:
Ու նաև, այստեղ՝ ֆեյբուքում , «Սրբազանը չպետք է իր ոտքով հանձնվեր» բարձրագոչ գրառումներ անողներից ոմանց տեսա, թե ժամը քանիսին էիք ճեմելով Մայր Աթոռ եկել: Ասեմ որ, եթե ձեր հույսով լիներ Սրբազանը, ապա նրան մինչև ձեր գալը 4 անգամ տարած կլինեին արդեն, այնպես որ, պետք չէ ֆետիշ անել կամ մութ սենյակներում կատուներ փնտրել, երբ դու ինքդ դրա հետևանքի պատասխանատուն չես :
Նաև հատուկ զգուշացում այս թեմայով դավադրություններ փնտրող մեր փաստաբան գործընկերներին. բարձր գնահատելով ձեր սրտացավությունը և աջակցությունը Սրբազանին, այնուամենայնիվ, հորդորում եմ պահպանել փաստաբանի վարքագծի կանոնները և չմտնել այլ փաստաբանների և նրանց վստահորդի հարաբերություններին մեջ և չորոշել ուրիշի վստահորդի պաշտպանական մարտավարությունը»,-նշված է գրառման մեջ: