«Հայը կա» հասարակական կազմակերպության նախագահ Արազ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հրապարակ»-ի հրապարակմանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բարև ձեզ հարգելի լրագրող և բոլոր մարդիկ, ում հետաքրքրում է իմ անձն ու քաղաքացիական ակտիվությունս։
Կարճ պատասխանեմ մի քանի հարցի, որպեսզի թյուրըմբռնում չլինի այն մարդկանց մոտ, ովքեր ինձ լավ չեն ճանաչում։ Քիչ թե շատ ճանաչող մարդկանց մոտ այսպիսի հարցեր, վստահ եմ, չեն կարող առաջանալ.
1. Սրբազան պայքարն ինձ համար հանունի պայքար է և ես այս պայքարից դուրս չեմ պատկերացնում ինձ։ Մեր Երազանքի ավետյաց երկիրն ունենալու նպատակն է սրբազան, իսկ պայքարի գործիքակազմն ու մեթոդները յուրաքանչյուրն ընտրում է իր աշխարհայացքին համապատասխան։ Այլ խոսքերով «ամեն մեկս մեր ձևով», բայց հարկ եղած դեպքում միասին։
2. Հոդվածի տողատակերը հասկանալով՝ միայն կարող եմ ասել, որ ամբողջ կյանքս ապրում եմ «Տիրոջ աչքի առջև» սկզբունքով և անկախ նրանից, թե ինչ է նկատվում մարդկանց, ինչը՝ ոչ, բոլորս մի օր պատասխան ենք տալու ամենատես Տիրոջ առջև և թող Աստված ների բոլոր բանսարկուներին և ուղղորդի մոլորյալներին։
3. Միշտ կլինեմ արդարության համար պայքարող մարդկանց կողքին ոչ թե միայն խոսքով, այլև գործով, սակայն ինձ համար էական նշանակություն ունի յուրաքանչյուր գործողության նպատակն ու արդյունավետությունը։ Եթե իմ անձի ֆիզիկական ներկայությունն արդյունավետ եմ համարում, ներկա եմ, եթե ոչ՝ առաջնորդվում եմ «մի խանգարիր» հայտնի սկզբունքով։
Կարծում եմ այս պահին այսքանը բավարար է ու թող պայքարի մեր բոլոր ընկերները շուտափույտ հայտնվեն ազատության մեջ. ով ով, բայց ես շատ լավ գիտեմ անարդար դատավարության բեռի ծանրությունը և արդեն 5 տարուց ավելի յուրաքանչյուր օր պայքարում եմ պետական մեքենայի կամայականությունների դեմ։
Փոփոխությունների ժամանակն է…»,-նշել է նա։