Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվում է հիբրիդային պատերազմը, որի կարևոր բաղադրիչը տեղեկատվական գրոհն է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն՝ անդրադառնալով մի շարք լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությանը, թե Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում:
«Կասկածելի ծագմամբ, «վառվող» գլխագրով կայքում հրապարակված հերթական կեղծ հոդվածը այդ գրոհի վառ ու ակնհայտ օրինակն է։ Սա հարձակում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության, արտաքին քաղաքական անկախության և ժողովրդավարական ընտրության դեմ։ Նպատակը հստակ է՝ խաթարել Հայաստանի միջազգային հեղինակությունն ու տվյալ դեպքում մասնավորապես ստվերել մեր՝ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերությունը»,-իր գրառման մեջ նշել է Բաղդասարյանը։
Նա նաև հավելել է, որ հակահայկական այս մեխանիզմների գործադրմամբ որոշ կենտրոններ փաստացի խոստովանում են՝ Հայաստանի ընթացքը խանգարում է իրենց ծրագրերին, իսկ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի ընտրած ուղին ճիշտ է։
«Հայաստանը չի շեղվելու այդ ուղուց՝ անկախ նրանից, թե քանի կեղծ հոդված և տեղեկատվական հարձակում կհրապարակվի»,-ընդգծել է վարչապետ խոսնակը։
Նշենք, որ ավելի վաղ մի շարք հայկական լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, թե իբր ֆրանսիական Courrier France 24 պարբերականի հոդվածի համաձայն՝ «ֆրանսիական պետական միջուկային Orano ընկերությունը գաղտնի կերպով սկսել է օգտագործված միջուկային վառելիք տեղափոխել Հայաստան»:
Կեղծ հոդվածի թարգմանությունը ներկայացրած «Մեդիամաքս» լրատվականն, ավելի ուշ, ընթերցողներից և հանրությունից ներողություն է խնդրել ապատեղեկատվություն պարունակող հոդվածի հրապարակման համար՝ հեռացնելով այն իր կայքից։Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը ևս անդրադարձել էր թեմային ու հայտարարել, որ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։