Հայտնի գրող Ալեքսանդր Դյուման հայտնի էր իր առատաձեռնությամբ. բոլոր նրանք, ովքեր գրողից պարտքով գումար էին խնդրում, նա չէր մերժում:
Ալեքսանդր Դյուման միշտ ասում էր հետևյալը. «Որևէ մեկին ես գումարի հարցում չեմ մերժել, բացառությամբ իմ պարտատերերի»:
ՀՀ օրենսդրության համաձայն` որևէ մեկին պարտքով գումար տալը կոչվում է փոխառություն:
Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:
Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:
Փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:
Ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:
Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է: