Հունիսի 6-22-ը Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա նկարիչ Ալբերտ Հակոբյանի «Գույնից իդեա- իդեայից գույն» խորագրով անհատական ցուցահանդեսը, որտեղ կցուցադրվեն արվեստագետի 90-ականներից մինչ օրս ստեղծված գործերը:
Ցուցահանդեսի բացումը նախատեսված է հունիսի 6-ին, ժամը 17:30-ին։ Այցելուները կարող են ծանոթանալ նկարչի տարիների ընթացքում ստեղծված բազմազան գործերին, որոնք արտացոլում են նրա գեղարվեստական զարգացման ճանապարհը։
Նկարչի մասին
Ալբերտ Հակոբյանը ծնվել է 1958 թվականի հունվարի 1-ին Էջմիածնում և ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը 1981 թվականին։ Նրա ստեղծագործական ճանապարհը ուղեկցվել է բազմաթիվ ճանաչումներով, ներառյալ 2002 թվականին շնորհված «Վահագն» մրցանակը։
Նկարչի աշխատանքները գտել են իրենց տեղը Հայաստանի առաջնակարգ մշակութային հաստատություններում, այդ թվում՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Խրիմյան թանգարանում, Արամե պատկերասրահում և Բոյաջյան Արվեստների Կենտրոնում։
Ալբերտ Հակոբյանը բազմիցս ներկայացրել է իր ստեղծագործությունները անհատական ցուցահանդեսներով՝ Գեղագիտության ազգային կենտրոնում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, ինչպես նաև Գևորգյան պատկերասրահում։
Նկարչի արվեստը հայտնի է նաև միջազգային ասպարեզում։ 1994-2015 թվականներին նա մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների՝ ներկայացնելով հայկական արվեստը Շվեյցարիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Արգենտինայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Իրանում, Գերմանիայում, Վրաստանում, Սիրիայում, Քուվեյթում և Ավստրիայում։
«ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում մեկնարկող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի համար Iravaban.net-ն ունեցել է հարցազրույց նկարիչ Ալբերտ Հակոբյանի հետ, որը հասանելի է այստեղ։