2025թ. ապրիլի 28-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է կայացրել «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի («Առաջին ԹԻՎԻ») նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում՝ օրենքի խախտման համար։
Այս մասին հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։
Վարչական վարույթը հարուցվել էր մարտի 31-ին՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության լուսաբանման ընթացքում բազմակի խախտումներ արձանագրելու հիմքով։
Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «Առաջին ԹԻՎԻ»-ի եթերում և YouTube էջում ցուցադրվել են «Եվրադաշինք» դաշինքի քարոզչական հոլովակները, իսկ հաղորդումների հյուրերը հիմնականում եղել են այդ դաշինքի ներկայացուցիչներ։
Սա խախտում է օրենսդրությամբ սահմանված հավասար և անաչառ լուսաբանման պահանջը։ ՀՌՀ-ն նաև արձանագրել է, որ կայքը չի հրապարակել վճարովի եթերաժամի վերաբերյալ տեղեկություն՝ ինչպես պահանջում է ՀՀ ընտրական օրենսգիրքը, փոխարենը բանավոր հայտնել է, որ եթերը տրամադրվել է անվճար:
Իրավական գործընթացի լիարժեք ապահովման նպատակով դեռ 2025թ. մարտի 31-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմել էր ԶԼՄ-ների Դիտորդ մարմնին՝ ներկայացնելով դիտարկման արդյունքներ, ըստ որոնց՝ 1in.am լրատվական կայքում մարտի 15-23-ը հրապարակված նյութերը միակողմանիորեն սատարել են «Եվրադաշինք» դաշինքին և նրա թեկնածու Լևոն Բարսեղյանին:
Դիտորդ մարմինը իր եզրակացության մեջ հայտնեց, որ փորձել է ստանալ լրատվամիջոցի պարզաբանումը, սակայն գրավոր պատասխան չի ստացվել։ Բանավոր հաղորդմամբ՝ կայքի ղեկավարությունը հայտնել է, որ այլ քաղաքական ուժերից դիմումներ չեն եղել, իսկ մարտի 1-ին կայքը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով հյուրընկալել բոլոր ուժերին:
Հաշվի առնելով Հանձնաժողովի դիմումը՝ ապրիլի 9-ին Դիտորդ մարմինը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ խնդրելով մասնագիտական գնահատական խնդրո առարկա հրապարակումների իրավաչափության վերաբերյալ։
Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը քննել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ներկայացված դիմումը, որն առնչվում է 1in.am լրատվական կայքի կողմից 2025թ․ մարտի 15-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության լուսաբանման ձևին։
- Լրատվամիջոցը ակնհայտորեն սատարել է «Եվրադաշինք» դաշինքին և նրա թեկնածու Լևոն Բարսեղյանին։ Սա հակասում է ԶԼՄ-ների էթիկայի Կանոնագրի 7.6 կետին, որը պահանջում է զերծ մնալ կողմնակալությունից և թափանցիկ ներկայացնել քարոզչական բովանդակությունը։
- Կայքը չի պահպանել նաև Կանոնագրի 7.5 կետի պահանջները՝ չառանձնացնելով կուսակցությունների պատվերով պատրաստված կամ նրանց աջակցող խմբերի տրամադրած նյութերը։
- Բացի էթիկայի խախտումներից, արձանագրվել են նաև իրավական խախտումներ։ Տեղեկատվական վեճերի խորհրդի մասնագիտական կարծիքի համաձայն՝ կայքի կողմից տարածված քարոզչական նյութերը խախտել են ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ և 20.1 հոդվածների, ինչպես նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջները։
Մասնավորապես, կայքը՝
- Չի ապահովել «Նախընտրական քարոզչություն» մակնշումը համապատասխան տեսահոլովակներում,
- Չի հրապարակել հարթակից օգտվելու վերաբերյալ անհրաժեշտ հայտարարությունը սահմանված ժամկետում (մինչև փետրվարի 25-ը),
- Չի հստակեցրել անվճար եթերի տրամադրման համահավասար հնարավորությունը բոլոր քաղաքական ուժերի համար։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն ապահովելու լրատվամիջոցների գործունեության համապատասխանությունը օրենքի պահանջներին, հատկապես՝ ընտրական գործընթացների լուսաբանման համատեքստում։