Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայիսի 27-ին կարգարդրություն է ստորագրել, որով 39 միլիոն դրամ կհատկացվի «Զանգակ գրատուն» ՍՊԸ-ին։
Կարգադրության մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունվարի 14-ի հ.103-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի 2025 թվականի մայիսի 2-ի հ. № Ն/23706-25 զեկուցագիրը.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեով, Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված գումարներից «Զանգակ գրատուն» ՍՊԸ-ին հատկացնել 39000.0 հազար (երեսունինը միլիոն) ՀՀ դրամ՝ «Մանկական գրքի փառատոն» նախագծի իրականացման աջակցության նպատակով:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետին՝ կնքել դրամաշնորհի հատկացման պայմանագիր:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի վրա:
4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Լ.Հովհաննիսյանի վրա»: