Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում կան հոդվածներ, որոնք փոփոխման ենթակա չեն։ Դրանք են՝ ն 1-ին, 2-րդ, 3-րդ և 203-րդ հոդվածները։
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Հոդված 203. Սահմանադրության անփոփոխելի հոդվածները
Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 203-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն: