Դատարանում քննարկվեց Ծառուկյանի կողմից Արթուր Ալեքսանյանին և Տիգրան Մարտիրոսյանին բնակարաններ նվիրելու, 47 մլն դրամը գերազանցող Bentley գնելու հարցերը․ հիմնավոր ապացույցներ կան

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, մարտի 17-ին շարունակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին պատասխանողի ներկայացուցիչները շարունակեցին հայցի հիմքի պարզմանն ուղղված հարցեր տալ հայցվորին։

Պատասխանողի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանի առաջին հարցը վերաբերում էր իր վստահորդի կողմից ընկերություններից մեկի 30 տոկոս բաժնեմասի ձեռքբերմանը, ինչի վերաբերյալ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանն ասաց՝ գումարի 15 հազար դրամն է օրինական դիտարկվել։

Ասատրյանն ասաց՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության աջակցության հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին, նշվել է, որ Ծառուկյանն այդ հիմնադրամին փոխանցել է 500 հազար դրամ, հարցրեց՝ այդ փոխանցումն ինչ կապ ունի հիմնադրամում Ծառուկյանի մասնակցության հետ, եթե վերջինիս կողմից նշվել է՝ գումարը կատարվել է որպես փոխանցում։

Հայցվորի ներկայացուցիչն ասաց՝ փոխանցման փաստը հայտնի է դարձել ռեգիստրային գործի ուսումնասիրությունից, որտեղ նշվել հիմնադրամի ստեղծման մասին, և հիմնադրման պրոցեսում հաշվարկային հաշվին փոխանցվել է 500 հազար դրամ, հետագայում այն լուծարվել է։

Հաջորդ հարցը վերաբերում էր 2006 թվականին Ծառուկյանի կողմից Կոտայքի մարզի Առինջ գյուղի թվով 14 հողամասերի ձեռքբերմանը ու այն հանգամանքին՝ արդյոք նա հանդիսացել է գույքի իրական շահառուն, թե մինչ այդ էլ իրավասու մարմինը հողերը համարել է Գագիկ Ծառուկյանին պատկանող։

Հարությունյանը պատասխանեց․ «Նման նշում մեր հայցադիմումի մեջ չկա, արձանագրված է կոնկրետ օրը, կոնկրետ գումարի չափով ձեռքբերումը, եթե լիներ իրական շահառու, ավելի վաղ դրա մասին հայցադիմումում նշում կլիներ»։

Փաստաբանն անդրադարձավ 2 ավտոմեքենաների ձեռքբերումներին՝ Bentley Contintal GT(Coupe), Nissan NISSAN PATROL v6 մակնիշի, համապատասխանաբար 47 միլիոն 797 հազար 700 դրամ, ինչպես նաև 14 միլիոն 284 հազար 592 դրամ արժողությամբ, ու ըստ այդմ հետաքրքրվեց՝ արդյոք իրավասու մարմինն ընդունել է պայմանագրերում նշված արժեքը, թե գործով փաստը հավաստող այլ ապացույց է ձեռք բերել։ Համլետ Հարությունյանը պատասխանեց՝ 2 մեքենաների դեպքում էլ հիմք է ընդունվել ներմուծման մաքսային հայտարարագիրը։

Պատասխանողի ներկայացուցիչը հարցրեց՝ երբ նշվել է, որ «ԱՐՄԱՄԵՆՏ» ՍՊԸ-ի բաժնեմասի 50 տոկոսի ձեռքբերումը 10 հատ 50 հազար դրամով է կատարվել, այդ 50 հազար դրամ փոխանցումն իրականացվել է կանխիկ, թե անկանխիկ եղանակով, ինչին ի պատասխան դատախազն ասաց՝ տվյալը բերվել է ռեգիստրային գործից, դա ոչ թե բանկային, այլ կանխիկ եղանակով է փոխանցվել։

Փաստաբանի դիտարկմանը՝ արդյոք այդքան անկանխիկ գումար ուներ իր վստահորդը, թե ոչ, Հարությունյանն ասաց՝ այդ հարցին պատասխանելու համար երկար ժամանակ կպահանջվի, քանի որ պետք է բոլոր գործարքները նայեն, իսկ excel ֆայլերը առկա են նաև պատասխանողի մոտ։

«Հաշիվները, որոնք մասնակցել են հաշվարկին, այդ թվում ընտանիքի անդամների, դրանց համադրության արդյունքում կարող ենք ասել, որ այդ օրը 175 հազար դրամ հաշվին գումար կար, բայց կոնկրետ այդ հաշիվներից այս ընկերության բաժնետոմսի ձեռքբերման համար փոխանցում չի արձանագրվել»,-ասաց նա։

Հարց բարձրացվեց Դիլիջանի Գորկու փողոցի հասցեի անշարժ գույքի  վերանորոգման համար կատարված ներդրումներին, որը 2004 թվականին իրականացվել է 20 միլիոն դրամով։

Փաստաբանը հայտնեց՝ 2006 թվականին Ռոբերտ Մկրտչյանը 1 միլիոն 400 հազար դրամով ձեռք է բերել, իսկ 2015 թվականին այդ հողամասը նվիրել է Ռոզա Ծառուկյանին։

Հարցրեց՝ եթե իրական շահառուն Գագիկ Ծառուկյանն է, ինչու է նվիրատվությունը կատարվել 9 տարի անց, արդյո՞ք իրավասու մարմինը դիտարկել է, որ 2015 թվականին Ռոբերտ Մկրտչյանի և Ռոզա Ծառուկյանի միջև կնքված գործարքը նվիրատվություն է, թե ոչ, և եթե լիներ առուծախ, իրավասու մարմինը կրկին շարունակելո՞ւ էր պնդել, որ այդ գույքերը պատկանել են Գագիկ Ծառուկյանին։

Նա նաև հարցրեց, թե ինչ տվյալներ է ունեցել իրավասու մարմինն այդ գույքերի ձեռքբերման ժամանակ։

Հարությունյանն իր պատասխանի մեջ հղում կատարեց Գագիկ Ծառուկյանի փեսայի, Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանին  առնչվող վարույթին, որտեղ պատասխանող է նաև Ռոզա Ծառուկյանը, նշեց՝ ապացույց է ներկայացվել, Ծառուկյանն է հայտարարել, որ այդ հողն ինքն է նվիրել Ռոզա Ծառուկյանին․ «Մենք համապատասխան փուլում այդ ապացույցը նաև այս վարույթով կներկայացնենք, կարծես թե ձեր վստահորդն էլ չի վիճարկում այս փաստը, եթե դրանից հետո էլ է արդիական այս հարցը՝ ինչու ենք դիտարկել իրական շահառու։

Մենք այդ ապացույցը կասկածի տակ չենք դրել, հետագայում դրա վրա կատարված շինարարությունն ենք կասկածի տակ դրել, հողի նվիրատվության մասով մենք թե՛ այն, թե՛ այս վարույթով լիովին հավատացել ենք»։

Հարությունյանը հողմասի վրա հետագայում շինարարություն իրականացնելու վերաբերյալ հետևյալը նշեց․ «Այս հողամասերը, որոնք նվիրատվությամբ տրվել են Ռոզա Ծառուկյանին, դրանից հետո այդ հողամասերի վրա կառուցվել է հանգստյան տուն, և իրավասու մարմնի պնդումն այն է եղել, որ հանգստյան տունը կառուցվել է Ռոզա Ծառուկյանի և Կարապետ Գուլոյանի կողմից, մասնավորապես, Կարապետ Գուլոյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների հաշվին։

Մենք հայտարարութան այն մասն ենք կասկածի տակ դրել, որ հանգստյան տան շինարարական աշխատանքներն էլ են կատարվել Գագիկ Ծառուկյանի միջոցների հաշվին, առ այսօր այս մասով պրոցեսը կա, չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, եթե դա կլինի և այլ վարույթով կհաստատվի, որ իրականում Ծառուկյանի կողմից է այդ շինարարությունը կատարվել, այդ դեպքում դրա հաշվառմամբ և դատական ակտի ներկայացմամբ այս վարույթով դատարանին կխնդրենք, որպեսզի շինարարական ծախսերը ավելացնենք հաշվարկի մեջ»։

Փաստաբանի հարցին ի պատասխան հայցվորի ներկայացուցիչը նաև ասաց, որ Ռոզա Ծառուկյանի՝ անբարեխիղճ ձեռքբերող լինելու մասով փաստ չի վկայակոչվել, դատարանին խնդրել են բռնագանձել գույքի շուկայական արժեքը։

Նիստի ընթացքում քննարկվեց նաև Գագիկ Ծառուկյանի կողմից մի քանի մարզիկներին տրված բնակարանների ձեռքբերումների ու նվիրատվությունների վերաբերյալ տվյալները։

Հարցին՝ այդ բնակարանների նույնականացում կատարվել է, թե ոչ, դատախազը պատասխանեց՝ հասցեն նշված է, 2 բնակարաններն էլ գտնվում են Աբովյան փողոցի նույն շենքում։

«Մենք հայցադիմումի մեջ նշել ենք՝ Սեդրակ Առուստամյանը իրավասու մարմնի կողմից իրականացվող մեկ այլ ուսումնասիրության շրջանակներում ներկայացրել է դիրքորոշում այս գույքերի մասով և որևէ տեղեկություն չի հայտնել։ Հարկ ենք համարել նշել, որ 2010 թվականի նոյեմբերի 22-ին Առուստամյանը Աբովյան փողոցի թիվ 9 վարչաբնակելի շենքի 3-րդ հարկի թիվ 6 բնակարանը նվիրել է ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանին, իսկ 2016 թվականի նոյեմբերի 14-ին նույն փողոցի նույն շենքի 3-րդ բնակելի հարկի թիվ 8 բնկարանը նվիրել է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին»։

Դատախազն ընդգծեց, որ վկայակոչել են նաև «Կենտրոն» հեռուստաընկերության կայքէջում հրապարակած տեսանյութը, ըստ որի Ծառուկյանը տարբեր մարզիկների, այդ թվում՝ Արթուր Ալեքսանյանին է նվիրել Երևանի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող բնակարանը, նաև  Տիգրան Մարտիրոսյանի կողմից News.am Sport կայքին տրվել է հարցազրույց, որում վերջինս հայտնել է՝ Գագիկ Ծառուկյանն իրեն տուն է նվիրել Երևանում, դրանից բացի Սեդրակ Առուստամյանի մասով էլ նշել են, որ նա մշտապես լիազորված է եղել Գագիկ Ծառուկյանի կողմից, երկուսի միջև առկա են եղել ֆինանսական բազմաթիվ գործարքներ։

Հավելեց՝ կան ապացույցներ, որոնցով առավել քան հիմնավոր է, որ այս բնակարանները նվիրել է Գագիկ Ծառուկյանը և ոչ թե Սեդրակ Առուստամյանը։

Պատասխանողի ներկայացուցիչներն այլ հարցեր ևս ուղղեցին հայցվորի ներկայացուցչին։

Կողմերի միջև հարցուպատասխանը կշարունակվի հաջորդ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 16-ին։

Մարիամ Շահնազարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել