«Դժվարությունները սեռ չեն ճանաչում»․ քննիչ Ինեսա Պետրոսյանն իր աշխատանքի մասին

Iravaban.net-ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում կանանց տոներին նվիրված՝ խոսել ենք ՀՀ ՔԿ Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության ավագ քննիչ Ինեսա Պետրոսյանի հետ։

-Մասնագիտության ընտրության հարցում Ձեր ընտանիքի անդամները որևէ դերակատարում ունեցե՞լ են։

-Սովորել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Ստացել եմ բակալավրի, ինչպես նաև մագիստրոսի աստիճաններ։ Աշխատել եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավորի գործավար, այնուհետև օգնական։ Հետո աշխատել եմ բանկերից մեկում, եղել եմ առաջատար մասնագետ սնանկության գործերով։ Արդեն 2022 թվականից աշխատում եմ Քննչական կոմիտեում։ Ընտանիքիս անդամներն ինձ չեն ուղղորդել, բայց երբ ընտրել եմ քննիչի աշխատանքը, իրենք ողջունել են իմ որոշումը, կանգնել են իմ կողքին և չեն քննադատել։

-2022 թվականից աշխատում եք քննչական մարմնում։ Կնոջ համար այստեղ ի՞նչ դժվարություններ և մարտահրավերներ կան։

-Ինչպես արական սեռի, այնպես էլ իգական սեռի քննիչների առջև կարող են առաջանալ բազմաթիվ դժվարություններ, կարող են լինել բավականին լարված իրավիճակներ։ Այդ խնդիրների լուծումը կախված չէ սեռից, այլ անձի մասնագիտական գիտելիքներից, ինչպես նաև բնավորությունից։ Քննիչը պետք է կարողանա արագ որոշումներ կայացնել, ինչպես նաև պատասխանատու որոշումներ և ճիշտ կողմնորոշվի, արդյունքում՝ առաջացած խնդիրները կլուծվեն։ Քննչական կոմիտեում կան բավականին նրբանկատ արական սեռի ներկայացուցիչներ, ովքեր, եթե տեսնում են, որ մենք ինչ-որ հարցում դժվարանում ենք, պատրաստակամ են մեզ օգնել և պարբերաբար առաջարկում են իրենց օգնությունը։

-Կա՞ն առանձնահատուկ դժվարություններ, որոնց բախվում են կին քննիչները՝ համեմատած տղամարդ գործընկերների հետ։

-Ներկա պահին նման խնդիրներ չկան, եթե նախկինում, օրինակ, քաղաքացին իմանում էր, որ քրեական գործը քննելու է կին քննիչ, մի քիչ անվստահ էր, կարծում էր, որ այն նույն ելքը չի ունենա, ինչ կլիներ, եթե քննիչը տղամարդ լիներ։ Ներկայումս պետական մարմիններում բավականին բարձր պաշտոններում, այդ թվում՝ ուժային կառույցներում, իգական սեռի ներկայացուցիչներ են և հասարակությունն արդեն ընդունել է և լիովին ընկալել է այս ամենի հետ։ Հիմնական խնդիրը մարդկանց վստահությունն էր մեր սեռի նկատմամբ, բայց ներկայումս այդ խնդիրը չկա։ Հիմա, երբ քաղաքացիները գիտեն, որ իրենց քնիչը կին է, մտավախություն չունեն, անգամ գիտեն, որ կինն իր աշխատանքն ավելի նվիրումով է իրականացնում։

-Եղե՞լ է, որ հարցաքննվողից կամ նրա հետ փոխկապակցված անձանցից սպառնալիքներ ստանաք։

-Իմ աշխատանքի ընթացքում երբևէ սպառնալիք չեմ ստացել որևէ մեկի կողմից։ Առաջին հերթին դրական հարաբերություններ եմ ձևավորվում վարույթի մասնակիցներից յուրաքանչյուրի հետ։ Փորձում ենք կոնֆլիկտի մեջ չմտնել կողմերի հետ, ինչպես նաև հարգալից ենք վարվում նրանց հետ։ Հետևաբար նույնը ստանում ենք։ Երբևէ խնդիրը չի հասել այն կետին, որ իմ հասցեին ստանամ սպառնալիք։

-Հիասթափությունների Ձեր աշխատանքում հաճա՞խ են հանդիպում։

-Երբևէ չեմ հիասթափվել իմ աշխատանքից, երբ ծանր, լարված ինչ-որ իրավիճակ է եղել, այդ իրավիճակը պատվով հաղթահարելուց հետո, երբ մեկ անգամ խորը շունչ ենք քաշում, արդեն ամեն ինչ հետևում է մնում և չենք հասցնում որևէ բանից հիասթափվել, առավել ևս աշխատանքից, նման իրավիճակներ չեն եղել իմ կյանքում ու պրակտիկայում։

-Մեր հասարակությունը, սովորաբար, տարբեր աշխատանքների տալիս է բնութագրում, որ այս մեկը տղամարդու աշխատանք է, մյուսը՝ կնոջ։ Քննիչի աշխատանքում եղե՞լ է դեպք, երբ մտածեք, որ այնուամենայնիվ քննիչի աշխատանքը տղամարդու համար է։

-Տարիներ առաջ, հասարակության մեջ նման կարծիք կար, որ, եթե ուժային կառույցում կին է աշխատում, հետևաբար իր կատարած աշխատանքը որակյալ լինել չի կարող։ Սակայն ժամանակները փոխվում են, պետական մարմիններում բավականին կանայք կան, արդեն հասարակության մեջ դա սովորական է դարձել։ Ավելին, գուցե ավելի շատ են ուզում, որ կանայք իրենց գործը քննեն, քանի որ ավելի համբերատար են, կարողանում են ճիշտ պլանավորել։ Եթե յուրաքանչյուր ոք ունենա ուժեղ կամք, ճիշտ պլանավորի աշխատանքը, անկախ սեռից, ապա կհասնի իր նպատակներին։

-Կարո՞ղ եք կիսվել հետաքրքիր հոգեբանական հնարքներով, որոնք օգտագործում եք հարցաքննության ժամանակ։

-Հոգեբանական հնարքը, որը մշտապես կիրառում եմ, այն է, որ երբ պետք է վարույթի մասնակիցներից ինչ-որ մեկին հարցաքննեմ, ենթադրենք, վկային կամ մեղադրյալին, տպավորություն եմ ստեղծում, որ ես դեպքի հանգամանքների մասին ամեն ինչ գիտեմ, և հետևաբար իրենք հակված չեն ստել։

-Ձեր փոքր քույրը ևս ընտրել է քննիչի աշխատանքը։ Արդյոք Դուք որևէ դերակատարում ունեցել եք նրա ընտրության հարցում։

-2022 թվականին, երբ սկսեցի աշխատել Քննչական կոմիտեում, բավականին դրական եմ խոսել իմ աշխատանքի մասին, քույրս այդ ժամանակ այլ վայրում էր աշխատում, նրա խորհուրդ եմ տվել, որ ինքն էլ դիմի ու իր ուղին շարունակի այստեղ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել