Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի վերաբերյալ նոր նախագիծը՝ մասնագիտական համայնքի դիտակետում․ Դատական դեպարտամենտի դիրքորոշումը

ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2025 թվականի հունվարի 8-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) հրապարակվել են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, ««Դատական դեպարտամենտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Նախագծերի նպատակը, ըստ նախարարության, դատավորին էթիկայի և կարգապահական հարցերով գաղտնի խորհրդատվություն տրամադրելու հնարավորություն նախատեսելն է, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ձայների կշռի ու հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը բարձրացնելն ու օրենքով դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների կազմում դատավոր չհանդիսացող անդամներին ներկայացվող պահանջներ սահմանելը։

Գործող կարգի համաձայն՝ հանձնաժողովում ներգրավված են 6 դատավոր և քաղհասարակության 2 ներկայացուցիչ, սակայն մասնագիտական համայնքն այս ձևաչափի հետ այդքան էլ համաձայն չէ՝ ընդգծելով, որ ինչպես Բարձրագույն դատական խորհրդում, այնպես էլ այստեղ պետք է բալանսը պահպանվի՝ 5 դատավոր և 5 ոչ դատավոր անդամների մասնակցությամբ։

Մյուս մասի կարծիքով պետք է միջազգային ստանդարտներով առաջնորդվել, այսինքն՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ դատավորներն իրենց վերաբերող հարցերում մեծամասնություն կազմեն։

Նաև առաջարկվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ներգրավում այն քվոտայով, որը նախատեսված է քաղհասարակության ներկայացուցիչների համար։

Առաջարկվող փոփոխությունը նախատեսում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունք վերապահել ոչ առևտրային կազմակերպություններին՝ սահմանելով որոշակի պահանջներ: Այնուամենայնիվ, տվյալ փոփոխությունը պարունակում է էական խնդիրներ և ռիսկեր:

Իրավաբանների հայկական ասոցիացիան ևս կարծիք-դիտարկում և առաջարկություններ է հայտնել ներկայացված նախագծի վերաբերյալ, այս մասով ընդգծել՝ «Ոչ առևտրային կազմակերպություններ» ձևակերպումը չափազանց լայն է և ներառում է նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, ինչը կարող է հանգեցնել հասարակական կազմակերպությունների դերի նվազեցմանը և պետական ազդեցության ուժեղացմանը:

Iravaban.net-ը հարցմամբ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ նախագծի մի քանի կետերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու, պարզելու, թե որքանով է համաձայն Խորհուրդը առաջարկվող փոփոխություններին, որքանով՝ ոչ։

Հարցմանը պատասխանել է Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը։ Այն հարցին, թե ինչ խնդիրներ են նկատում նախագծում, մանրամասն պատասխան չտրվեց, նշվեց, որ նախագծով կարգավորվում են ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված մի շարք հարցերը, որը բնականաբար դրական է գնահատվում Բարձագույն դատական խորհրդի կողմից։

Մեր հարցման մեջ անդրադառնալով նաև «ոչ առևտրային կազմակերպություն» ձևակերպմանը, փորձել ենք ճշտել, թե արդյոք սա խնդրահարույց չէ, ինչի վերաբերյալ հայտնեցին՝ նախագծով «հասարակական կազմակերպություն» եզրույթի՝ «ոչ առևտրային կազմակերպություն» եզրույթով փոխարինումը գործընթացներն առավել ներառական դարձնելու նպատակ է հետապնդել։

Ըստ դեպարտամենտի՝ հիմնադրամը նույնպես համարվում է ոչ առևտրային կազմակերպություն, որը կարող է գործունեություն իրականացնել միայն հանրօգուտ նպատակների շրջանակներում, սակայն Օրենքի կարգավորումների համաձայն նույնիսկ իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հիմնադրամները միայն իրենց կազմակերպաիրավական ձևից ելնելով հնարավորություն չունեն թեկնածուներ առաջադրելու։

«Ավելին՝ Վենետիկի հանձնաժողովը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությունն անդրադառնալով ոչ դատավորների առաջադրման մոդելին վերաբերող հարցերին՝ նշել են, որ իշխանությունները պետք է քննարկեն և մշակեն ոչ դատավոր անդամների առաջադրման ամենահարմար մոդելը՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքական և ինստիտուցիոնալ իրողություններն ու այս համատեքստում իշխանությունները կարող են լրացուցիչ ուշադրություն դարձնել մասնագիտական հանրության դերին՝ առաջադրման գործընթացում»,-նշվեց հարցման պատասխանի մեջ։

Գործող կարգավորումը պարտադրում է, որպեսզի Գլխավոր դատախազը անհապաղ տեղեկացնի Բարձրագույն դատական խորհրդին դատավորի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նախագծով նախատեսվում է միայն ազատությունից զրկելու դեպքում ԲԴԽ նախագահին և Գլխավոր դատախազին տեղեկացնելու պահանջ։ Հարցին, թե ինչպես է ԲԴԽ-ն գնահատում նախատեսվող այս փոփոխությունը, դատավորի պաշտպանվածության մակարդակն այս փոփոխությամբ արդյոք չի նվազում, պատասխանեցին, որ այժմ գործող՝ «Դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում Գլխավոր դատախազն այս մասին անհապաղ տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդին» երաշխիքը լրացվում է նաև մեկ այլ երաշխիքով, այն է՝ «Դատավորին ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և Գլխավոր դատախազը»։ Նշված լրացումը դատավորների պաշտպանության և անկախության երաշխիքների բարձրացմանը միտված քայլ է։

Հարկ է ընդգծել, որ ոլորտի փորձագետները, անգամ Արդարադատության նախարարը նշել են, որ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը կայացած չէ, զերծ չէ կորպորատիվիզմի դրսևորումներից։ Հենց այդ պատճառով էլ գործադիրը չի հրաժարվում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելու իր լիազորությունից։

Հետաքրքրվեցինք, թե  գործադիրի նման մեկնաբանությունը ինչպիսի գնահատականի է արժանացել, ինչին տրվեց հետևյալ պատասխանը․

«Թե՛ քաղհասարակությունը, թե՛ միջազգային գործընկերները, այդ թվում Վենետիկի հանձնաժողովը, մշտապես բարձրաձայնում են կորպորատիվիզմի դրսևորման հնարավոր ռիսկերի և այդ ռիսկերը կառավարելի դարձնելու մեխանիզմների ներդրման մասին, և հետևաբար իրականացվող բոլոր բարեփոխումները պետք է կատարվեն վերոնշյալ համատեքստում՝ նպատակ ունենալով չեզոքացնել հնարավոր ռիսկերը և նպաստել այս ոլորտում հանրային վստահության բարձրացմանը։ Եվ ինչպես արդեն իսկ վկայակոչվել է 8-րդ հարցադրմանն ի պատասխան՝ Նախագծով սահմանվող մեխանիզմները կարող են նպաստել բարձրացվող հարցի լուծմանը»։

Առաջարկվող փոփոխությունները, այնուամենայնիվ, իրավական անորոշություններ են պարունակում, մասնագիտական համայնքն այժմ շարունակում է նախագծով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ դիտարկումներ, իրավական բնույթի էական հարցեր բարձրաձայնել։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել