Iravaban.net-ը այս թեմայի վերաբերյալ իր նախորդ երկու հետաքննական հրապարակումներում արդեն անդրադարձել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության մրցութային խորհրդի գործունեությանը և նրա անդամների միջև հնարավոր փոխկապակցվածությանը: Առաջին հրապարակման մեջ ներկայացվել էր, որ խորհրդի նախագահ Կարեն Թումանյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ունեն հնարավոր փոխկապակցվածության և շահերի բախման իրավիճակ, ինչպես նաև ունեն ընդհանուր ֆինանսավորման աղբյուր՝ հանձին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի: Երկրորդ հրապարակման մեջ ներկայացվել էին մրցութային խորհրդի հարցազրույցի փուլում ՔՀԿ-ների ներկայացուցիչների կողմից թեկնածուին տրված հարցերը, որոնք հաճախ դուրս էին գալիս օրենքով սահմանված շրջանակներից:
Iravaban.net-ը, հավատարիմ մնալով իր առաքելությանը հակակոռուպցիոն պայքարի լուսաբանման գործում, շարունակում է հետևել կոմիտեի նախագահի ընտրության և նշանակման ընթացքին։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության շրջանը, ըստ ամենայնի, մոտենում է ավարտին։ Մարտի 10-ին տեղի ունեցավ կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար հարցազրույցի փուլը, անցողիկ շեմը հաղթահարեցին 3 թեկնածուներ․
- Արթուր Նահապետյանը,
- Պետրոս Մարտիրոսյանը,
- Գևորգ Քոչարյանը։
Կոռուպցիոն հանցանքները քննող կառույցի ղեկավարի թափուր պաշտոնի համար 5 անձ էր պայքարում։ Նրանցից 2-ն անցողիկ շեմը չեն հաղթահարել։
Հենց նիստի սկզբում հայտնի դարձավ, որ հանձնաժողովի 6 անդամներից մեկը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը, չի մասնակցելու հարցազրույցի փուլին։
«Խորհրդին հայտնի պատճառներով խորհրդի անդամներից բացակայում է Անի Չատինյանը։ Հաշվի առնելով, որ քվորում ունենք, կարող ենք աշխատանքները շարունակել»,-նշեց խորհրդի նախագահ Կարեն Թումանյանը։ Ավելի ուշ պարզաբանեց՝ երեխայի հետ կապված պատճառով է բացակայում։
Թեև երեխայի հետ կապված պատճառը լիովին հասկանալի է, սակայն հարց է առաջանում, թե ինչու ո՛չ Չատինյանը, ո՛չ իրեն ներկայացրած ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանրությանը հրապարկայնորեն չներկայացրեցին մրցույթի այս կարևոր փուլում Չատինյանի չմասնակցելու մասին պաշտոնական հայտարարություն։ Օրենքով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը նպատակ ունի բարձրացնելու մրցույթի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և վստահելիությունը: Հասարակական կազմակերպության ներկայացուցչի բացակայությունը կարող է հարցեր առաջացնել մրցույթի լիարժեք հանրային վերահսկողության տեսանկյունից, հատկապես հաշվի առնելով մեր նախորդ հոդվածում ներկայացված դիտարկումները խորհրդի անդամների միջև հնարավոր փոխկապակցվածության մասին:
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն այս փուլի վերաբերյալ սահմանում է․ «․․․Հարցազրույցի փուլին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան, որին ներգրավում է Հանձնաժողովը: Հարցազրույցի փուլում Հանձնաժողովի անդամները գնահատում են մասնակցի աշխատանքային ձեռքբերումները, վերլուծական կարողությունները, տարբեր իրավիճակներում վարվեցողությունը, պատասխանատվության զգացումը, հաղորդակցման հմտությունները, տվյալ պաշտոնում նշանակվելու նրա շարժառիթը, ակնկալիքները և այդ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական որակներ և արժանիքներ: Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են նաև հարցադրումներ արվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տվյալների վերաբերյալ: Մասնակցին տրվող հարցերը չպետք է ունենան նրա իրավաբանական գիտելիքներն ստուգելու նպատակ»։
- Առաջինը ամբիոնին մոտեցավ Կարեն Բատիկյանը։
Նա գործունեություն է ծավալել ինչպես ոստիկանությունում, Քննչական կոմիտեում, այնպես էլ դատախազական համակարգում։ 2017 թվականի մայիսի 21-ից ստացել է փաստաբանական արտոնագիր։
5-ին տրվեց նույն հարցը․ ինչո՞վ էին վերջիններս զբաղված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում։ Բատիկյանը հայտնեց, որ պատերազմին աջակցելու համար իր անձնական միջոցներին Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին գումար է վճարել, նաև 20 հազար ԱՄՆ դոլարի չափով նվիրատվություն է կատարել իր վստահորդներից մեկի անունից։
Իր կենսագրության մեկ այլ կարևոր դրվագի անդրադառնալով, Բատիկյանը հայտնեց, թե որն է եղել դատախազական համակարգից դուրս գալու պատճառը։ Նրա խոսքով՝ հիմնական պատճառը Գլխավոր դատախազի հետ ունեցած անձնական տարաձայնություններն են եղել։ Նշենք, որ խոսքն այդ շրջանում Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Կոստանյանի մասին է։
«Տարաձայնություններ եմ ունեցել կոնկրետ սկզբունքների վերաբերյալ։ Գլխավոր դատախազը դրանք չէր կիսում։ Դա կապված չի եղել կոնկրետ գործի հետ»,-նշեց նա։
Հայտնենք նաև, որ 5-ից 2-ի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել։ Բատիկյանը իր խոսքում ընդգծեց դա։ Մրցութային խորհրդի անդամները հայտնեցին նաև, որ կասկածի տակ են դնում նաև հայտարարագրված եկամուտների իսկությունը, մաքրությունը, չնայած ԿԿՀ-ն այդտեղ խնդիր չէր տեսել։
Բատիկյանը հայտնեց նաև, որ Կենտորն վարչական շրջանում բնակարանը գնելու համար օգնություն է ստացել հորից և եղբորից։
- Երկրորդն ամբիոնին մոտեցավ Արտաշես Մաիլյանը։
Նա այժմ զբաղեցնում է Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնը, կարգապահական տույժեր երբևէ չի ստացել։
44-օրյա պատերազմի ժամանակ գտնվել է Երևանում, ծառայության մեջ և կատարել ծառայողական պարտականությունները։ Հարցին՝ կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի կազմած ջոկատում եղել է, Մաիլյանը բացասական պատասխան տվեց։
Վերջինս եղել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործող նախաքննություն իրականացնող անձը․ «Այդ գործով իրականացվել է լրիվ օբյեկտիվ բազմակողմանի նախաքննություն, եթե ես այդ նույն նախաքննությունը իրականացնելու լինեի հիմա, կանեի նույն գործողությունները, կգնայի նույն ուղղությամբ և վստահ եմ կունենայի այն նույն արդյունքը, որ ունեմ։ Իմ մոտեցումը, իմ դիրքորոշումը շատ հստակ, շատ սպառիչ է»:
Մաիլյանը նաև մեծ չափով կանխիկ գումար է հայտարարագրել, խորհրդի անդամները հետաքրքրվեցին՝ ինչի համար է այդքան կանխիկը։ Նա հայտարարեց, որ այս պահին այդպես է անհրաժեշտ եղել․ «Ես չեմ պնդում, որ իմ արածը շատ լավ բանա։ Կարող է գալ մի պահ, որ ես էլ գամ այն մտքին, որ իմաստ չունի այդ չափով կանխիկ պահել, կամ այդ չափով պահել։ Ժամանակի ընթացքում կյանքը զարգանում ա, փոխվում ա ամեն ինչ։ Սրանից 20 տարի առաջ չէինք պատկերացնում չէ, որ հեռախոսն է որոշելու ամեն ինչ։ Սրանից 20 տարի հետո հնարավոր է կանխիկը, որպես այդպիսին, չլինի»։
Ի դեպ, Iravaban.net-ի մրցույթի ամբողջական դիտարկումները ցույց են տալիս, որ հնարավոր է, որ ԿԿՀ-ն բարեվարքության առումով բացասական եզրակացություն է տվել ինչպես Բատիկյանին, այնպես էլ Մաիլյանին։
- Երրորդն ամբիոնին մոտեցավ Պետրոս Մարտիրոսյանը։
Նա այժմ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարն է։ Նախկինում աշխատել է դատախազական համակագում։
44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է Սյունիքի մարզի դատախազի պաշտոնը, չի կարող ասել, թե ինչ գործողությունների է մասնակցել, որովհետև այդտեղ գաղտնիք պարունակող տեղեկություններ կան․ «Ընդհանուր 54 օր Երևան չեմ եկել այդ օրերին»։
-Կարող եմ պատասխանել պարոն Իոաննիսյանի հարցին, որ տեսել եմ ադրբեջանցի զինծառայողների։
-Ես եմ էլ տեսել, բայց մարտական գործողությունների չեմ մասնակցել։
-Դատախազությունը գումարտակ է ունեցել, ջոկատ է ունեցել։ Այդտեղ եմ եղել։ Խոստանում եմ՝ նիստից հետո զրուցենք, ավելի մանրամասն կասեմ։
Հարցին՝ ինչո՞ւ նախորդ մրցույթին մասնակցության հայտ չի ներկայացրել, Մարտիրոսյանը հայտնեց՝ փաստաթղթերը չէր հասցնի հավաքել, բայց այդ՝ չէր պատկերացնում, թե ինչ կարգով պետք է անցկացվեր մրցույթը։ 24 տարեկանից դատախազական համակարգում է։
Մրցութային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը հարցազրույցի փուլից հետո հայտարարեց, որ Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքության գնահատման մասով ներկայացրել եմ հատուկ կարծիք նաև այն պատճառով, որ վերջինս «մտերիմ հարաբերությունների մեջ է (ընկերն է) «թուրքական իշխանությանը պահող» ոստիկաններին «թուրք» ու բարոյականությունը ծախող անվանող և կողոպուտի համար նախկինում դատված անձի հետ, ով նաև Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մտերիմ ու 2008 թ.-ի մարտի 1-ին Մաշտոցի պողոտայում ջարդարարություն իրականացրած անձի եղբայրն է (հաստատված է դատարանի կողմից)»։
Հարց հնչեց այն մասին, որ նրա ընկերոջ եղբայրը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ նկար ունի, ինչին նա արձագանքեց․ «Ես գիտեմ, որ Ալեքսանդր Կիտեսովը Առնոլդ Շվարցենեգերի հետ էլ նկար ունի»։
Խորհրդի անդամը նկատեց, որ Առնոլդ Շվարցենեգերը հայկական քաղաքական դաշտի հետ այդքան էլ կապ չունի։
Մարտիրոսյանը նշեց, որ իր ընկերը ոչ թե Ալեքսանդր Կիտեսովն է, այլ նրա եղբայրը՝ Միքայել Կիտեսովը, վերջինս էլ մի քանի տարի առաջ լքել է ՀՀ-ն, այժմ ԱՄՆ-ում է բնակվում․ «Գիտեմ, որ Ալեքսանդրը քրեական պատասխանատվության է ենթարկվել, բայց մանրամասներին ծանոթ չեմ»։
Իոաննիսյանը հայտարարեց, որ Միքայել Կիտեսովն ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել՝ «Հայաստանն առանց Նիկոլի» գրառմամբ։ Մեջբերում կատարեց նաև նրա հրապարակումից․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահող յուրաքանչյուր ոստիկան մի առանձին թուրք է»։ Սա հայտարարել է Ձեր 20 տարվա ընկերը, ի՞նչ կասեք այս մասին»։
Պետրոս Մարտիրոսյանը նշեց, որ 2008-ից մտերիմ հարաբերությունների մեջ են, նրա քաղաքական հայացքները կապ չունեն իր պաշտոնավարման հետ։ Նրա խոսքով՝ Միքայելը 2018-ի իրադարձություններին աջակցել է, տեսագրություններ կան։
- Չորրորդն ամբիոնին մոտեցավ Արթուր Նահապետյանը։
Նա այժմ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է, նախկինում զբաղեցրել է Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնը։ 2020 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որպես բաժիններից մեկի պետ:
44-օրյա պատերազմի ժամանակ աշխատել է ԱԱԾ-ում, 24 ժամյա ռեժիմով իրականացրել է իր մասնագիտական գործառույթները․ «Այդ ընթացքում քննվել են պետական դավաճանության, լրտեսության, դասալքության, մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ բազմաթիվ գործել ԱԱԾ դատական դեպարտամենտում»։
Կարեն Թումանյանի հարցին՝ կա որևէ մեկը, որի ասածն անվերապահ կանի, եթե նույնիսկ այն իրավաչափ չլինի։ Նահապետյանը հայտարարեց՝ նման մեկը չկա։
Հարցերին պատասխանելիս՝ նա հայտարարեց, որ մեքենա չունի, երթևեկում է ընկերների կամ հոր ավտոմեքենաներով։ Նա նշեց, որ պատրասվում է մեքենա ձեռք բերել, այդ իսկ պատճառով ձեռք է բերել նաև ավտոկայանատեղի։
Նահապետյանը հայտարարեց ՔԿ նախագահի հետ ունի մտերիմ, գործընկերային հարաբերություններ, խոսեց այն մասին, որ եթե ինքը դառնա հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, շահերի բախումը կբացառվի ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հետ։ Նա անդրադարձավ նաև այն փաստին, որ իր կինն աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում՝ ընդգծելով, որ այս հանգամանքը ևս չի կարող կաշկանդող լինել։
Վերջինք ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվել է Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո։ Միաժամանակ հայտարարեց, որ Արգիշտի Քյարամյանի հետ 10 տարուց ավելի ընկերություն են անում։
- 5-րդը և վերջինն ամբիոնին մոտեցավ Գևորգ Քոչարյանը։
Նա մինչև վերջերս զբաղեցրել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ավագ դատախազի պաշտոնը։ Ծառայությունից ազատվել է փետրվարի 17-ին՝ Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի մրցույթի ավարտից հետո։
Ամբիոնին մոտենալուց հետո Քոչարյանը հայտարարեց, որ վերոնշյալ մրցույթին իր մրցակիցը եղել է Էդգար Արսենյանը, որը մրցութային խորհրդի անդամներից մեկն է, սակայն համոզված է՝ դա չի ազդելու Արսենյանի օբյեկտիվության և անաչառության վրա։ Խորհրդի նախագահը հետաքրքրվեց՝ ինչ կապ ունի Քոչարյանը Դանիել Իոաննիսյանի հետ, նա հայտարարեց, որ վերջինիս խորհրդի մյուս անդամներին առաջին անգամ է տեսնում։
Ավելի վաղ, դեռևս ԳԴ տեղակալի մրցույթի անցկացման ժամանակ Իոաննիսյանը դրական երաշխավորության նամակ է ուղարկել մրցութային հանձնաժողովին։ Քոչարյանը նշեց՝ երբևէ չի առնչվել նրա հետ, շնորհակալ է նամակի համար։ Իոաննիսյանը հաստատեց՝ 5-ի հետ էլ առաջին անգամ է շփվում։
Առաջին հարցը վերաբերում էր 44-օրյա պատերազմին, որի հետ կապված նաև քրեական վարույթ է եղել նախաձեռնված։ Քոչարյանը խորհրդին հայտնեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին իր հոր ծնունդն է եղել, երբ իմացել է պատերազմի մասին, միանգամից գնացել է զինկոմիսարիատ։ Մասնակցել է մարտական գործողություններին, առողջական խնդիրների պատճառով, համապատասխան թղթով, վերադարձել է Հայաստան, ինչն էլ քննիչի մոտ հարցեր է առաջացրել, ընդհուպ` կասկածի տակ է դրվել նրա՝ Լեռնային Ղարաբաղում գտնվելու հանգամանքը։
«Բացատրություն եմ տվել, քրեական հետապնդում չհարուցելու որոշում է կայացվել։ Բժշկական հանձնաժողովի կողմից եզրկացություն է տրվել, որ ես պիտանի չեմ եղել ծառայության համար»,-նշեց Քոչարյանը։
Ահարոն Ներսիսյանը հետաքրքրվեց՝ որքանո՞վ է պատասխանատու նման հնչեղություն ունեցող գործերը կիսատ թողնելը, դատախազական համակարգից դուրս գալը՝ Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի մրցույթում պարտվելուց հետո։
Քոչարյանը նշեց, որ պատասխանատվությունից երբեք չի խուսափել, ավելին՝ ԳԴ տեղակալի մրցույթին մասնակցել է իր տեսլականը ունենալու և ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ։
«Հաշվի եմ նստել արդյունքների հետ։ Որևէ խնդիր չունեմ դատախազության որևէ աշխատակցի հետ, այդ թվում ղեկավար կազմի հետ, ինչպես նաև Գլխավոր դատախազի հետ։ Նրա հետ անձնական շփում ունեցել եմ մեկ անգամ՝ գործի քննարկման շրջանակներում։ Գլխավոր դատախազի նկատմամբ խորը հարգանք ունեմ՝ իր սկզբունքայնության, աշխատասիրության և այլ պրոֆեսիոնալ որակների հետ կապված»,-նշեց նա։
Էդգար Արսենյանը նույնպես հայտարարեց, որ մրցույթից առաջ առանձնազրույց են ունեցել պարոն Քոչարյանի հետ, 2-ի մոտ էլ եղել է այն համոզմունքը, որ ԳԴ տեղակալի մրցույթի բացասական կամ դրական արդյունքները հետք չեն կարող թողնել նրանց հարաբերությունների վրա։
Արսենյանը շարունակեց․ Քոչարյանը երբևէ քրեական վարույթով հսկողություն իրականացրե՞լ է, օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու հետ կապված որևէ գործողություն իրականացրե՞լ է․ «․․․Բացի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակներում հանձնարարություն տալուց և պատասխան ստանալուց»։
Գևորգ Քոչարյանը բացասական պատասխան տվեց ու ընդգծեց․ օրենսդիրը Հակակոռուցիոն կոմիտեի նախագահին առաջադրվող պահանջների մեջ նման պահանջներ չի էլ ներառել․ «Չնայած, փորձառությունը կարևոր է»։
Ավելի քան 10 ժամ տևած հարցազրույցի փուլն ավարտվեց։ Ընդմիջում վերցնելուց հետո մրցութային խորհրդի անդամները հրապարակեցին իրենց գնահատականները։
Միավորները բաշխվեցին հետևյալ կերպ․
Կարեն Բատիկյան
Էդգար Արսենյան-ընդհանուր՝ 54, բարեվարքությունը՝ 24,
Ահարոն Ներսիսյան-ընդհանուր՝ 53, բարեվարքությունը՝ 17,
Կարեն Թումանյան-ընդհանուր՝ 52, բարեվարքությունը՝ 22,
Եփրեմ Կարապետյան-ընդհանուր՝ 64, բարեվարքությունը՝ 24,
Դանիել Իոաննիսյան-ընդհանուրը՝ 21, բարեվարքությունը՝ 3։
Բարեվարքությունը՝ 90, անցողիկ շեմը չի անցել։
Արտաշես Մաիլյան
Էդգար Արսենյան-ընդհանուր՝ 58, բարեվարքությունը՝ 18,
Ահարոն Ներսիսյան-ընդհանուր՝ 42, բարեվարքությունը՝ 23,
Կարեն Թումանյան-ընդհանուր՝ 56, բարեվարքությունը՝ 25,
Եփրեմ Կարապետյան-ընդհանուր՝ 67, բարեվարքությունը՝ 24,
Դանիել Իոաննիսյան-ընդհանուրը՝ 43, բարեվարքությունը՝ 13։
Բարեվարքությունը՝ 106, անցողիկ շեմը չի անցել։
Պետրոս Մարտիրոսյան
Էդգար Արսենյան-ընդհանուր՝ 98, բարեվարքությունը՝ 38,
Ահարոն Ներսիսյան-ընդհանուր՝ 100, բարեվարքությունը՝ 40,
Կարեն Թումանյան-ընդհանուր՝ 94, բարեվարքությունը՝ 36,
Եփրեմ Կարապետյան-ընդհանուր՝ 85, բարեվարքությունը՝ 36,
Դանիել Իոաննիսյան-ընդհանուրը՝ 16, բարեվարքությունը՝ 4։
Բարեվարքությունը՝ 154, անցողիկ շեմն անցել է (393 միավոր)։
Արթուր Նահապետյան
Էդգար Արսենյան-ընդհանուր՝ 98, բարեվարքությունը՝ 38,
Ահարոն Ներսիսյան-ընդհանուր՝ 66, բարեվարքությունը՝ 29,
Կարեն Թումանյան-ընդհանուր՝ 100, բարեվարքությունը՝ 40,
Եփրեմ Կարապետյան-ընդհանուր՝ 88, բարեվարքությունը՝ 37,
Դանիել Իոաննիսյան-ընդհանուրը՝ 87, բարեվարքությունը՝ 36։
Բարեվարքությունը՝ 180, անցողիկ շեմն անցել է (439 միավոր)։
Գևորգ Քոչարյան
ԷդգարԱրսենյան-ընդհանուր՝ 43, բարեվարքությունը՝ 22,
Ահարոն Ներսիսյան-ընդհանուր՝ 94, բարեվարքությունը՝ 39,
Կարեն Թումանյան-ընդհանուր՝ 62, բարեվարքությունը՝ 28,
Եփրեմ Կարապետյան-ընդհանուր՝ 87, բարեվարքությունը՝ 37,
Դանիել Իոաննիսյան-ընդհանուրը՝ 93, բարեվարքությունը՝ 39։
Բարեվարքությունը՝ 165, անցողիկ շեմն անցել է (379 միավոր)։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հարցազրույցի փուլի քվեարկության արդյունքների վերլուծություն
Քվեարկության արդյունքների մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է քաղաքական-իրավական համակարգում առկա մի շարք համակարգային խնդիրներ, որոնք վկայում են ինստիտուցիոնալ կապերի և հնարավոր ստվերային պայմանավորվածությունների մասին: Վերլուծությունը կենտրոնանում է օբյեկտիվ տվյալների վրա՝ բացահայտելով ընտրական գործընթացում առկա կոնկրետ օրինաչափություններ:

Կապակցված քվեարկության օրինաչափությունները
Քվեարկության արդյունքների վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս հստակ օրինաչափություններ, որոնք դժվար է մեկնաբանել պատահականությամբ:
Կարեն Թումանյանի քվեարկության անհամաչափությունը
Հանձնաժողովի նախագահ Կարեն Թումանյանի քվեարկությունն առանձնանում է Արթուր Նահապետյանին տրված առավելագույն՝ 100 միավորով: Հատկանշական է, որ Էդգար Արսենյանը նույնպես առավելագույն բարձր գնահատական է տվել Նահապետյանին՝ 98 միավոր: Ավելին, երկուսն էլ համանման բարձր գնահատական են տվել Պետրոս Մարտիրոսյանին՝ համապատասխանաբար 94 և 98 միավոր:
Այս համընկնումը ստանում է հատուկ նշանակություն, երբ դիտարկում ենք, որ երկուսն էլ զգալիորեն ավելի ցածր միավորներ են տվել Գևորգ Քոչարյանին՝ Կարեն Թումանյանը՝ 62, իսկ Էդգար Արսենյանը՝ ընդամենը 43 միավոր: Քվեարկության այսպիսի գրեթե նույնական օրինաչափությունը բարձրացնում է հարցեր գնահատման հնարավոր համակարգված բնույթի վերաբերյալ:
Որպես հանձնաժողովի նախագահ՝ Թումանյանի դիրքորոշումն առանցքային նշանակություն ունի ամբողջ գործընթացի վրա: Նրա կողմից Արթուր Նահապետյանին տրված բացարձակ առավելագույն գնահատականը, զուգորդված Գևորգ Քոչարյանին տրված համեմատաբար ցածր միավորով, ստեղծում է ակնհայտ նախապատվության տպավորություն:
Հաշվի առնելով Էդգար Արսենյանի և Արթուր Նահապետյանի՝ ԱԱԾ համակարգում աշխատանքային առնչությունները (Արսենյանը՝ որպես ԱԱԾ-ում քննվող գործերով դատախազ 2016-2018թթ., իսկ Նահապետյանը՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020-2023թթ.), Թումանյանի և Արսենյանի գնահատականների նման համընկնումը ստեղծում է հնարավոր համակարգված մոտեցման տպավորություն: Այս համընկնումը հատկապես նշանակալի է դառնում, երբ հաշվի ենք առնում, որ որպես հանձնաժողովի նախագահ, Թումանյանի միավորները կարող են ազդեցություն ունենալ մյուս անդամների վրա:
Էդգար Արսենյանի քվեարկության անհամաչափությունը
Էդգար Արսենյանի քվեարկությունը ցույց է տալիս ակնհայտ շահերի բախում: Արսենյանը, որը Գլխավոր դատախազի տեղակալի ընտրություններում մրցել է Գևորգ Քոչարյանի հետ, ներկա մրցույթում ցույց է տվել ընդգծված սուբյեկտիվ վերաբերմունք՝ նրան գնահատելով ընդամենը 43 միավորով: Միևնույն ժամանակ, նա 98-ական միավոր է գնահատել և՛ Նահապետյանին, և՛ Մարտիրոսյանին:
Հատկանշական է, որ Արսենյանի և Նահապետյանի մասնագիտական կենսագրություններում առկա է ընդհանուր աշխատանքային փորձը ԱԱԾ-ում Արսենյանը՝ որպես ԱԱԾ-ում քննվող գործերով դատախազ 2016-2018թթ., իսկ Նահապետյանը՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020-2023թթ.): Այս հանգամանքը, զուգորդված Գևորգ Քոչարյանի նկատմամբ ցուցաբերած ակնհայտ կողմնակալությամբ, հիմնավոր կասկածներ է առաջացնում որոշումների գնահատման օբյեկտիվության վերաբերյալ:
Դանիել Իոաննիսյանի բևեռացված քվեարկությունը
Դանիել Իոաննիսյանի քվեարկությունն առանձնանում է արտակարգ բևեռացվածությամբ, որը չի կարող բացատրվել միայն մասնագիտական գնահատման չափանիշներով: Նա Պետրոս Մարտիրոսյանին գնահատել է ընդամենը 16 միավորով (բարեվարքության համար՝ 4 միավոր), մինչդեռ Գևորգ Քոչարյանին տվել է 93, իսկ Արթուր Նահապետյանին՝ 87 միավոր:
Այս առումով հատկանշական է փետրվարի 8-ին Իոաննիսյանի և Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած հանդիպման մասին շրջանառվող տեղեկությունները: Եթե այս հանդիպման նպատակը իսկապես Արթուր Նահապետյանին ով ըստ շրջանառվող տեղեկությունների համարվում է Արգիշտի Քյարամյանի սանիկը) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնին տեսնելն էր, ապա գնահատականների այսպիսի բաշխվածությունը դառնում է հատկապես նշանակալի: Այս համատեքստում Իոաննիսյանի՝ Մարտիրոսյանին տված առանձնակի ցածր գնահատականը հնարավոր է մեկնաբանվի որպես գիտակցված ռազմավարություն՝ Նահապետյանի հաղթանակի հավանականությունը բարձրացնելու նպատակով:
Ինստիտուցիոնալ կապերի ցանցի ազդեցությունը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության գործընթացը բացահայտում է պետական տարբեր կառույցների միջև առկա փոխկապակցված շահերի բարդ ցանցը:
ԱԱԾ-ի և դատախազության կապերը
Թեկնածուների կենսագրությունների վերլուծությունը ցույց է տալիս իրավապահ մարմինների միջև սերտ ինստիտուցիոնալ կապերի առկայությունը: Հինգ թեկնածուներից չորսը սերտ առնչություն են ունեցել դատախազական համակարգի հետ: Արթուր Նահապետյանն անմիջականորեն աշխատել է ԱԱԾ-ում՝ 2020-2023 թվականներին զբաղեցնելով քննչական դեպարտամենտի բաժնի պետի, ապա դեպարտամենտի պետի տեղակալի պաշտոնները: Էդգար Արսենյանը, թեև աշխատել է դատախազությունում, սակայն 2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով դատախազի պաշտոն, այսինքն՝ մասնագիտական սերտ շփում է ունեցել ԱԱԾ գործունեության հետ:
Այս ինստիտուցիոնալ կապերը ոչ միայն բացատրում են որոշ գնահատականների համընկնումները, այլև վկայում են այն մասին, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում դեռևս մեծապես կախված է նույն իրավապահ համակարգի ներսում գործող անձանցից: Սա կարող է բարդացնել համակարգային կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ որոշում կայացնողները հաճախ կապակցված են լինում իրենց նախկին գործընկերների և աշխատանքային միջավայրի հետ: Սա կարող է նաև վկայել այն մասին, որ անկախ մրցութային ընթացակարգերի ներդրումից, համակարգում դեռևս գերակշռում է «յուրայինների» նախապատվությունը:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դերը
Անի Չատինյանի՝ հարցազրույցի փուլից բացակայությունը հատկապես ուշագրավ է դառնում այն կոնտեքստում, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումը նպատակ ունի ապահովելու գործընթացի թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Այն հանգամանքը, որ ո՛չ Չատինյանը, ո՛չ իրեն ներկայացրած ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չեն ներկայացրել պաշտոնական բացատրություն հանրությանը, խոսում է քաղաքացիական հասարակության ինստիտուտների կարևոր գործառույթների ոչ լիարժեք գիտակցման և իրականացման մասին:
Դանիել Իոաննիսյանի դերը նույնպես բարդ է և հակասական։ Լինելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, նրա՝ մյուս անդամներից խիստ տարբերվող գնահատականները հարցեր են առաջացնում։
Գնահատականների մասնագիտական վերլուծություն
Բարեվարքության գնահատման անհամաչափություն
Բարեվարքության գնահատման բաղադրիչի վերլուծությունը ցույց է տալիս զգալի անհամաչափություն: Օրինակ, Դանիել Իոաննիսյանը Պետրոս Մարտիրոսյանին տվել է ընդամենը 4 միավոր, մինչդեռ մյուս անդամները միջինում տվել են 37.5 միավոր: Նման էական տարբերությունները վկայում են գնահատման միասնական չափանիշների բացակայության մասին:
Հատկանշական է, որ ԿԿՀ-ի բարեվարքության հնարավոր բացասական եզրակացությունները էական ազդեցություն են ունեցել միայն Բատիկյանի և Մաիլյանի դեպքում, ինչը ցույց է տալիս, որ «բարեվարքության» գնահատումը հնարավոր է կիրառել ըն տրովի՝ որպես «ֆիլտր» որոշակի թեկնածուների համար:
Եփրեմ Կարապետյանի հավասարակշռված մոտեցումը
Միայն Եփրեմ Կարապետյանի գնահատականներն են ցուցաբերել համեմատաբար համաչափ բաշխվածություն՝ առանց ակնհայտ նախապատվությունների: Նահապետյանին և Քոչարյանին նա տվել է գրեթե հավասար միավորներ (88 և 87), ինչը վկայում է ավելի օբյեկտիվ մոտեցման մասին: Նման հավասարակշռված մոտեցումն ավելի է ընդգծում մյուս անդամների գնահատականների անհամաչափությունը:
Եզրակացություններ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության գործընթացի վերլուծությունը բացահայտում է մի շարք համակարգային խնդիրներ:
- Ընտրության արդյունքները վկայում են պետական տարբեր կառույցների միջև առկա հնարավոր ստվերային կապերի մասին, որոնք կարող են վտանգել հակակոռուպցիոն պայքարի անկախությունը:
- Գնահատման չափանիշների անհամաչափ կիրառումը հարցականի տակ է դնում մրցույթի օբյեկտիվությունը:
- Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցազրույցի փուլից բացակայությունը և/կամ ոչ հավասարակշիռ դերակատարումը խոչընդոտում է թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը:
Հակակոռուպցիոն կոմիտեն, ունենալով հանրային վստահության կարիք, պետք է ապահովի առավելագույն թափանցիկություն և անկախություն իր ղեկավարման ձևավորման գործընթացում: Այնուամենայնիվ, ներկա վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած օրենսդրական կարգավորումներին, համակարգում դեռևս առկա են հին պրակտիկաներ, որոնք սահմանափակում են իրական մերիտոկրատիայի (արժանիքահեն համակարգի) ձևավորումը:
Միայն իսկապես անկախ, մրցակցային և թափանցիկ ընտրական գործընթացների միջոցով է հնարավոր ապահովել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությունը, որը կվայելի հանրային վստահությունը և կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը:
Այսպիսով, Արթուր Նահապետյանի, Պետրոս Մարտիրոսյանի և Գևորգ Քոչարյանի թեկնածությունները ներկայացվել են Կառավարության հաստատմանը։ Նրանցից մեկը կդառնա Հակակոռուպցիոն կոմիտեի 2-րդ նախագահը։