Ամբողջ աշխարհում ամեն տարի աճում է համակարգիչների և էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը: Վերջիններիս միջոցով մարդիկ հաղորդակցվում են միմյանց հետ, նամակներ և SMS հաղորդագրություններ են ուղարկում: Այս ամենը փոխարինում է ձեռագիր նամակներին, որոնք նախորդ դարերում եղել են ամենատարածված հաղորդակցման միջոցներից մեկը:
Կարևորելով ձեռագիր նամակների նշանակությունը կյանքում՝ հունվարի 23-ն աշխարհում տոնվում է որպես Ազգային ձեռագրերի միջազգային օր (National Handwriting Day), որի նպատակն է բոլորիս հիշեցնել ձեռագիր նամակների յուրահատկության և յուրաքանչյուր ձեռագրի անկրկնելիության մասին: Տոնի նախաձեռնողը գրող սարքեր և աքսեսուարներ արտադրող ասոցիացիա է: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ հենց այս օրն է ծնվել ամերիկացի պետական գործիչ Ջոն Հենկոկը, ով առաջինն է ստորագրել ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը: Հենկոկի ստորագրությունը մեծ էր և աղավաղված, որն իր յուրահատկությամբ նույնպես հռչակ բերեց Հենկոկին: