Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, փետրվարի 13-ին տեղի ունեցավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործով նիստը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և նրա կնոջ՝ Բելլա Քոչարյանի, դստեր՝ Գայանե Քոչարյանի, վերջինիս ամուսնու՝ Վիգեն Չատինյանի, երկու որդիների՝ Լևոն ու Սեդրակ Քոչարյանների, նրանց կանանց՝ երգչուհի Սիրուշոյի (Սիրանուշ Քոչարյան) և Զարուհի Բադալյանի դեմ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս գործով նախորդ նիստին դատարանը ապացուցման բեռ էր բաշխել, որով պատասխանողը պետք է ապացուցի, որ ուսումնասիրությունը սկսվելուց հետո հայցը ներկայացվել է 3 տարի ժամկետի խախտմամբ, այն է՝ 2020 թվականի հոկտեմբերի 11-ին, իսկ հայցվորը պետք է ապացուցի, որ հայցադիմումը ներկայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին որոշման կայացումից հետո՝ 3 տարվա շրջանակներում, այն է՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին։
Այս առումով կողմերը ապացույցների և դրա ձեռքբերմանն ուղղված միջնորդություններ պետք է ներկայացնեին։ Նիստին 1 միջնորդություն ներկայացրեց հայցվորի ներկայացուցիչ, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը, 2-ը՝ պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Գևորգ Քոչարյանը միջնորդեց բերված փաստաթղթերը որպես ապացույց կցել գործի նյութերին։ Միջնորդության կից ներկայացվել էր փոստային անդորրագիր, դատարանից ստացված համապատասխան ծրարի պատճենները, և նաև «Հայփոստի» էլեկտրոնային հսկման համակարգով համապատասխան ծրարի կոդով արտահանված քաղվածքը, որով հաստատվում է՝ ծրարը հանձնվել է հոկտեմբերի 9-ին։
Պատասխանողներ Ռոբերտ Քոչարյանի և Բելա Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայտնեց՝ դրա թույլատրելիության, արժանահավատության վերաբերյալ դիրքորոշում կհայտնի ապացույցների հետազոտման փուլում, պնդեց՝ ներկայացված փաստաթուղթը որևէ կերպ չի կարող հիմնավորել , թե «Հայփոստ» հանձնվել է այն ծրարը, որը դատարանը ստացել է ամսի 11-ին։
Քննարկելով ներկայացված միջնորդությունը՝ դատարանն այն բավարարեց՝ թույլատրելով փոստային ստացման պատճենը և «Հայփոստի» էլեկտրոնային համակարգից արտահանված տեղեկատվությունը որպես ապացույց ճանաչել։
Հաջորդիվ միջնորդություն ներկայացրեց Օրբելյանը, որը վերաբերում էր գրավոր ապացույցներ թույլատրելուն և ապացույցներ ներկայացնելու ժամկետները երկարաձգելուն։
Նա որպես ապացույց ներկայացրեց «Հայփոստի» հետ վարված նամակագրությունը և դրանց կից ֆայլերը, փաստաբանական հարցումները, որոնք ուղարկվել են։ Հարցմամբ պատասխանող կողմը փորձել է ստանալ տեղեկություն այն մասին, թե ծրարը երբ և ինչ եղանակով է ուղարկվել հասցեատիրոջը։
Ի պատասխան հարցման հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանը չի հանդիսանում նշված բեռնային համարով առաքանու ո՛չ ուղարկողը, ո՛չ ստացողը, առաքանու ստացման օրվա վերաբերյալ տեղեկություն տրամադրել չեն կարող։
2025 թվականի փետրվարի 3-ին պատասխանողի ներկայացուցիչը կրկին փաստաբանական հարցում է ուղարկել «Հայփոստին», որով խնդրել է հայտնել՝ ում է հասցեագրվել նշված կոդով փոստային առաքանին և ուղարկման նպատակով որ փոստային բաժանմունք է հանձնվել, որ օրը և ժամին է նշված փոստային առաքանին հանձնվել համապատասխան բաժանմունքին, փոստային ծառայության որ աշխատակիցն է ընդունել և մուտքագրել նշված ծրարը, արդյոք բաժանմունքների գործունեությունն ապահովող համակարգչային ծրագիրը տալիս է տեխնիկական հնարավորություն փոստային առաքանին ձեռքով մուտքագրելու, թե ոչ։
Նաև պատասխանողի ներկայացուցիչը փաստաբանական հարցում է ուղարկել Հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմի ղեկավարին՝ փորձելով ստանալ այդ ժամանակահատվածում դատարան մուտքագրված փաստաթղթերի և դրա վերաբերող այլ հարցերի հետ կապված առկա տեղեկատվությունը։
Փաստաբանը նշեց, որ այս հարցման պատասխանը ստացել են քիչ առաջ, դեռևս չեն ծանոթացել դրան։ Հայտնեց, որ նաև նույն խնդրի վերաբերյալ հարցմամբ դիմել են Դատական դեպարտամենտի ղեկավարին։
«Պատասխանողի կողմից ձեռնարկվել են քննարկվող փաստը հիմնավորող ապացույցներ ձեռք բերելուն ուղղված միջոցներ։ Նշված հարցումների արդյունքում ստացվելիք պատասխաններով կարող են պարզվել միջնորդության համար էական նշանակություն ունեցող, հայցադիմումը հայցային վաղեմության ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հանգամանքները»,-ասաց նա՝ հայտնելով, որ հարցումների պատասխանների ստացման համար հարկավոր է երկարաձգել ապացույցների ստացման ժամկետը։
Դատախազ Գևորգ Քոչարյանը հարցրեց՝ ինչքանով են կատարված հարցումները վերաբերում դատարանում այն ում կողմից, երբ, ինչ պայմաններում ստացված լինելը։
Օրբելյանը պատասխանեց՝ այստեղ «ակնհայտ հակասություն կա», եթե հայցադիմումն ուղարկելու ժամանակ նաև ուղարկվեր կողմերին, հեշտ կլիներ պարզել՝ ընդհանրապես երբ է ուղարկվել և արդյոք ուղարկված ծրարը նույն ծրարն է եղել, թե ոչ․ «Կարիք կա վերջնական պարզելու, այդ առաքանու ծրարը, որը ներկայացվել է որպես ապացույց, դատարանն այս գործով չի ստացել, որովհետև առաքանին դատարանը ստացել է ամսի 16-ին․ չէր կարող ամսի 16-ին դատարան հասած ծրարն ամսի 11-ին մուտքագրվեր»,-ասաց նա։
Պատասխանող կողմը այս հարցի վերաբերյալ բացի ժամկետից վիճարկում է նաև ծրարի համապատասխանության հարցը, նաև այն, թե արդյոք 1 ծրար է եղել և հենց այդ ծրարն է ուղարկվել, ուղարկվելու դեպքում փոստով, թե փոստի կամ այլ աշխատակցի միջոցով առձեռն է փոխանցվել։
Գևորգ Քոչարյանը հայտնեց, որ այդպիսի քննադատությունը պայմանավորված է տեխնիկական խնդիրների հետ, և դատարանում հայցադիմումը փաստացի ստացվել է ամսի 11-ին՝ մուտք անելուց 2 օր հետո, իսկ առցանց համակարգում մուտքագրումը նշվել է ճիշտ օրով, ժամով, կոդով։
Դատախազ Համլետ Հարությունյանը պատասխանող կողմի ներկայացուցչին հարցրեց՝ ընդունո՞ւմ է արդյոք այն փաստը, որ թե՛ ծրարի, թե՛ փոստային անդորրագրի, թե՛ փոստի կայքում արձանագրված օրը նշված է 2023 թվականի հոկտեմբերի 9-ը, Օրբելյանը պատասխանեց՝ կա 3 փաստաթուղթ, որոնց վրա այդ օրն է նշված։
Հայցվորի ներկայացուցիչները պնդեցին՝ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ դրանցով պահանջվող ապացույցները վերաբերելի չեն դատարանի կողմից բաշխված ապացուցման բեռին։
«Հայցային վաղեմության միջնորդության համար էական նշանակություն ունի բացառապես հայցվորի կողմից ուղարկելն ու այն «Հայփոստ» ներկայացնելը։ Առկա ապացույցներով հիմնավորվում են հայցվորի կողմից ամսին 9-ին հանձնված լինելը, որևէ ապացույցով դա չի հերքվում, իսկ մյուս բոլոր հանգամանքները, որոնք պատասխանող կողմից ներկայացվում են, վերաբերելի չեն այն հարցին, ինչը քննարկման առարկա է։
Միևնույն ժամանակ պարոն Օրբելյանին առաջարկում եմ՝ եթե որևէ կասկած կա, որ էստեղ փաստաթուղթ է կեղծվել դատախազության, «Հայփոստի», դատարանի կողմից, իմ առաջարկը, եթե կընդունեք և քաղաքացիական պարտքը համարեք, համապատասխան գործողություն կատարեք, հաղորդում տվեք, էն, ինչը Դուք միջնորդությունից դուրս գալով փորձում եք կատարել, թող դրանք կատարվեն համապատասխան մարմինների կողմից»,-նշեց Քոչարյանը։
Պատասխանողի մյուս ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը միանալով ներկայացված միջնորդությանը՝ ասաց. «Մեզ մոտ կան հիմնավոր կասկածներ, որ, օրինակ, ամսի 9-ին հայցը պատրաստ չէր, որովհետև եթե պատրաստ լիներ, դատախազությունը քաջ գիտակցում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը պարտադրում է հայցը դատարան ներկայացնելուց առաջ դրա օրինակներն ուղարկել պատասխանողներին»։
Դատախազ Գևորգ Քոչարյանը նաև հետևյալն արձանագրեց․ «Ցանկացած բան կարող եք կասկածել, քանի որ մարդու երևակայությունը սահմանափակված չէ։ Այո, կարող եք կասկածել, որ, օրինակ, փոստատարը չի բերել, առձեռն է ինչ-որ մեկը բերել, կամ Yandex-ի курьер-ը: Կարող ա՝ աղավնիի ոտքին կապված են ուղարկել, ուղղակի 2 կես ա եղել, մեկը հասել ա 11-ին, մյուսը՝ 16-ին, դրա համար ինչ-որ խնդիրներ են առաջացել»:
Նա կրկին պնդեց՝ հայցը ներկայացվել է ժամկետների պահպանմանբ, ու դրա վերաբերյալ համապատասխան ապացույցներն արդեն իսկ ներկայացվել են։
Քննարկելով ներկայացված միջնորդությունը՝ դատարանն այն բավարարեց՝ նշելով, որ դեռևս պատասխանողի կողմից ուղարկված հարցումների պատասխանները չեն ստացվել և դրանց բացակայության պայմաններում ապացույցների թույլատրելիության հարց չի կարող քննարկվել։ Ըստ այդ, նախագահող դատավորը երկարաձգեց ապացույցներ ներկայացնելու ժամկետը։
Պատասխանող կողմի մյուս միջնորդությունը վերաբերում էր գործին չմասնակցող անձից՝ «Հայփոստ» ՓԲԸ-ից ապացույց պահանջելուն, ինչի վերաբերյալ առարկություն չկար, այս միջնորդությունը ևս բավարարվեց։
Դատարանի՝ այլ նիստով ծանրաբեռնված լինելու հանգամանքով պայմանավորված նիստը հետաձգվեց, հաջորդը կեղի կունենա մարտի 4-ին։
Մարիամ Շահնազարյան