Ի՞նչ պետք է բովանդակի հայցադիմումի պատասխանը վարչական դատավարությունում

Վարչական դատավարությունում պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը։

Հայցադիմումի պատասխանը բովանդակում է`
1) նշում այն մասին, որ պատասխանը ներկայացվում է վարչական դատարան.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) պատասխանողի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի՝ նաև պաշտոնը.
4) պատասխանի էությունը (հակիրճ նկարագրությունը).
5) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակիորեն առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը։
Առարկելու դեպքում պատասխանողն իր դիրքորոշման մեջ պետք է անդրադարձ կատարի հետևյալ հարցերին՝
1) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում.
2) նշում այն մասին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար.
3) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում.
4) պատասխանին կցվող ապացույցների ցանկը։
Պատասխանում կարող են ներառվել`
1) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները.
2) պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն։
Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասին.
2) իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները.
3) լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է պատասխանողի ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մասնակիցը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով).
4) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և երրորդ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել