Մեղադրյալի ցուցմունքի դեպոնացումը հաջող կարգավորում չէ. Արա Զոհրաբյան

Փաստաբանների մեծ մասի կարծիքով` մեղադրյալի ցուցմունքի դեպոնացումը հաջող կարգավորում չէ: Այս մասին այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Եթե վկայի օրինակով դիտարկենք, ապա պատկերացնենք, որ օտարերկյա մի քաղաքացի Հայաստանում որպես տուրիստ է եկել, այդ ընթացքում դեպք է տեղի ունեցել: Երբ որ այդ քաղաքացին պետք է վերադառնա իր երկիր և մինչև դատավարությունը սկսելը կրկին չի կարող գալ Հայաստան, նրան տանում են դատարան, նա դատարանում ցուցմունք է տալիս, որը դեպոնացնում են. դա, այսպես ասաց, ապացույցի պահպանությունն է»,- բացատրեց Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով` մեղադրյալի դեպքում ուրիշ է. «Մեզ մոտ հեռահար արդարադատություն չի իրականացվում, այսինքն, եթե մեղադրյալը փախուստի մեջ է, մինչև չբռնվի, գործը չի քննվի. գործը կասեցնում են, մինչև նրան գտնեն. հեռավորության վրա նրան չեն դատապարտում: Այսինքն` եթե մեղադրյալն այստեղ է, ի՞նչ կարիք կա նրա ցուցմունքը պահպանելու»,-կարծիք հայտնեց Փաստաբանների պալատի նախագահը:

Վերջինիս խոսքով` նրանք մասնագետներին խնդրել են ուսումնասիրել հարցը, որից հետո կրկին կարծիք կհայտնեն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել