Ապացուցման բեռը վարչական դատավարությունում կախված է հայցի տեսակից

Եթե գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։

Ապացուցման բեռը կրում է`
1) վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով.
2) պարտավորեցման հայցով` վարչական մարմինը` հայցվող վարչական ակտի ընդունումը մերժելու հիմք հանդիսացած փաստերի մասով, և ֆիզիկական կամ իրավաբանական անձը` այն փաստերի մասով, որոնցով հիմնավորվում է իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունումը.

3) գործողության կատարման հայցով` վարչական մարմինը` հայցվող գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու համար հիմք հանդիսացած փաստերի մասով, և ֆիզիկական կամ իրավաբանական անձը` իր համար բարենպաստ փաստերի մասով.

4) ճանաչման հայցով`
ա. ֆիզիկական կամ իրավաբանական անձը` որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը հաստատող փաստերի մասով,
բ. վարչական մարմինը` վարչական ակտի առ ոչինչ լինելը հերքող փաստերի մասով,
գ. վարչական մարմինը` այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտի, ինչպես նաև որևէ կատարված գործողության կամ թույլ տրված անգործության իրավաչափությունը հիմնավորող փաստերի մասով։

Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը` անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ ձեռք բերելը։ Նման դեպքում դատարանը կարող է ապացուցման բեռը դնել խոչընդոտող կողմի վրա` անկախ օրենքով սահմանված կանոններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել