Դավիթ Նավասարդյանին մեղադրանք չի առաջադրվել

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդու` Դավիթ Նավասարդյանի մեքենայի միջից հայտնաբերված և առգրավված դեղնականաչավուն կանեփանման զանգվածը դեռ փորձաքննում են: 

Ոստիկանությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ համապատասխան փորձաքննության արդյունքները դեռևս հայտնի չեն: Դավիթ Նավասարդյանին մեղադրանք չի առաջադրվել: Կատարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդու` Դավիթ Նավասարդյանի մեքենայի միջից ոստիկանությունն հայտնաբերել և առգրավվել է դանակ, դեղնականաչավուն կանեփանման զանգված: Մեքենայի զննությունը կատարվել է այն բանից հետո, երբ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գնունի շուկայի դիմաց վիճաբանություն է:
Ոստիկանները մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բերման են ենթարկել Դավիթ Նավասարդյանին և ավտոմեքենայի 3 ուղևորներին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավիթ Նավասարդյանը վիճաբանության մեջ է մտել Անդրանիկ Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Դավիթ Նավասարդյանին և պատճառել վնասվածքներ: Այնուհետև ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել