Կոմիսիոներն իրավունք ունի շեղվել կոմիտենտի ցուցումներից, եթե գործի հանգամանքներով դա անհրաժեշտ է ի շահ կոմիտենտի, և կոմիսիոները չի կարողացել նախապես հարցում անել կոմիտենտին կամ ողջամիտ ժամկետում ստանալ իր հարցման պատասխանը: Կոմիսիոները պարտավոր է կոմիտենտին ծանուցել թույլ տրված շեղումների մասին, երբ ծանուցումը դառնում է հնարավոր:
Կոմիտենտը կարող է որպես ձեռնարկատեր գործող կոմիսիոներին իրավունք վերապահել առանց նախնական հարցման շեղվել իր ցուցումներից: Այդ դեպքում կոմիսիոները պարտավոր է ողջամիտ ժամկետում կոմիտենտին ծանուցել թույլ տրված շեղումների մասին, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով:
Կոմիսիոները, որը գույքը վաճառել է կոմիտենտի հետ համաձայնեցված գնից ցածր գնով, պարտավոր է վերջինիս հատուցել գների տարբերությունը, եթե չի ապացուցում, որ ինքը հնարավորություն չի ունեցել գույքը վաճառել համաձայնեցված գնով և, որ այն ավելի ցածր գնով վաճառելը կանխել է կոմիտենտին պատճառվելիք ավելի մեծ վնասները: Այն դեպքում, երբ կոմիսիոները պարտավոր էր նախապես հարցում անել կոմիտենտին, նա պետք է նաև ապացուցի, որ հնարավորություն չի ունեցել նախնական համաձայնություն ստանալ կոմիտենտի ցուցումներից շեղվելու մասին:
Եթե կոմիսիոները գույքը գնել է կոմիտենտի հետ համաձայնեցված գնից բարձր գնով, ապա նման գույքն ընդունել չցանկացող կոմիտենտը պարտավոր է կոմիսիոներից երրորդ անձի հետ գործարք կնքելու մասին ծանուցում ստանալուց հետո` ողջամիտ ժամկետում, այդ մասին հայտնել կոմիսիոներին: Հակառակ դեպքում` գնված գույքը համարվում է կոմիտենտի կողմից ընդունված:
Եթե կոմիսիոները հաղորդում է, որ իր վրա է վերցնում գնի տարբերությունը, կոմիտենտն իրավունք չունի հրաժարվել իր համար կնքված գործարքից: