Հունվարի լույս 14-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի դիմաց տեղի ունեցած վրաերթի հետևանքով բուժօգնության են տեղափոխվել Աշտարակի և Երևանի բնակիչներ, 25 տարեկան երկու երիտասարդ։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 4.20-ին նշված վայրում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում մասնակիցները քարերով ու մահակներով հարվածել են միմյանց, իսկ նրանցից մեկը դիտավորությամբ մեքենայով խփել է մեկ այլ մեքենայի, ինչի հետևանքով էլ հիվանդանոց տեղափոխված երիտասարդները ստացել են մարմնական վնասվածքներ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանների և Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ու Ավան և Նոր Նորքի քննչական բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում ճշտվել են դեպքի հանգամանքները։ Պարզվել է, որ հունվարի 9-ին Երևանի ուսումնական հաստատություններից մեկում Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը անձնական հարցերի շուրջ վիճել է 20 ու 25 տարեկան երկու ընկերների հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որը կանխել են ուսումնական հաստատության այլ սովորողներ ու աշխատակիցներ։ Սակայն վեճը շարունակվել է։
Իրենց անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ, մի կողմից 24-ամյա աշտարակցին՝ ընկերների, մյուս կողմից 21-ամյա երևանցին՝ իր ընկերների հետ, մեկական մեքենայով, ժամը 4.30-ի սահմաններում հանդիպել են Քոչինյան փողոցում, որտեղ, ցուցաբերելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, վիճաբանել են միմյանց հետ, հնչեցրել հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ, ծեծի են ենթարկել միմյանց, իսկ մասնակիցներից մեկը նաև սպառնացել է զենքի գործադրմամբ։
Այս ընթացքում, չհամակերպվելով իրեն և ընկերներին ծեծի ենթարկելու հանգամանքի հետ, Աշտարակի բնակիչ 25-ամյա երիտասարդը, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով իր «Մերսեդես» մեքենան դիտավորությամբ վարել և հարվածել է մյուս՝ «Մերսեդես Բենս» մակնիշի մեքենային։ Մեքենայի հարվածից ստացած ծանր մարմնական վնասվածքներից ընկել է նաև հիվանդանոց տեղափոխված 25-ամյա աշտարակցին։ Եվ երբ «Մերսեդեսի» վարորդը փորձել է փախչել՝ հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել ընկած ընկերոջը, ինչի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության մեքենայով նա տեղափոխվել է հիվանդանոց:
Հետագա միջոցառումների արդյունքում «Մերսեդես Բենսը» հյուրանոցի, իսկ «Մերսեդեսը»՝ Ավան վարչական շրջանի գերեզմանատան տարածքից տեղափոխվել են Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանցագործության մասնակիցներից երկուսը հայտնաբերվել ու ներկայացվել են նախաքննական մարմին և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
«Մերսեդեսը» վարած 25-ամյա աշտարակցու նկատմամբ սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: