Միջազգային քաղաքականությունից մինչև միջանձնային հարաբերություններ գործում են արժեքային կողմնորոշիչներ, որոնք ձևավորում են վերաբերմունք՝ ազգի, պետության ու մարդու նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավագետ Տարոն Սիմոնյանը։
«Եվ այդ ամենը գալիս, հանգում են մի քանի հարցերի միևնույն պատասխանին։
Ի՞նչ արժեք ունի քո իշխանությունը, երբ այն քո ազգի ու պետության շահերը չի պաշտպանում։
Ի՞նչ արժեք ունի քո արժանապատվությունը, երբ դու պատրաստ ես անընդհատ նվազեցնել դրա նշաձողը հանուն պարզապես ապրելու։
Ի՞նչ արժեք ունի քո հայրենասիրությունը, երբ դու քո կյանքն առանց հայրենիքի ի վիճակի ես պատկերացնել։
Ի՞նչ արժեք ունի քո ապրելը, երբ քո արժանապատվությունը նվաստանում է, հայրենիքդ՝ փոքրանում, իսկ քո ձեռքի իշխանությունը սպասարկում է այլոց շահերը։
Եվ ի վերջո ի՞նչ արժեք ունեն քո արժեքները, երբ դրանք պարբերաբար ուրանում ես՝ կախված նրանից, թե ով է դեմդ։
Պատասխանը մեկն է՝ ՈՉ ՄԻ ԱՐԺԵՔ և հետևաբար՝ ՈՉ ՄԻ ԻՄԱՍՏ …
ՀԵՏԵՎԱԲԱՐ. մեզ նորից կսկսեն հարգել ու սիրել, մեզ հետ կսկսեն ընկերանալ ու մեզ աջակցել ոչ այնքան ինչ֊որ թղթեր ստորագրելուց հետո, այլ երբ զգան, որ ցաքուցրիվ արված մեր արժեքային ներուժը վերածնման ու համախմբման միտում ունի, երբ զգան, որ մենք առանց արժանապատվության, առանց զորեղացող հայրենիքի ու պետականության, առանց միավորվող Արցախի և Հայաստանի Հանրապետությունների կյանք չենք պատկերացնում։
Մնացածն աղմուկ է, ստվեր ու փոշի …»,-նշել է նա։